Արդյո՞ք հնարավոր է, որ կինը իր ամբողջ կյանքի ընթացքում սեքսով զբաղվի միայն մի հոգու հետ: Եվ եթե այո, դա չի՞ ազդում կնոջ հոգեբանության վրա: Իսկ տղամարդկանց դեպքու՞մ:

 

 Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Միայն մի հոգու հետ սեքսով զբաղվելու որոշումը արդեն իսկ գալիս է կնոջ ինքնատիպ հոգեբանությունից, այդպիսի կանայք աչքի են ընկնում հավատարմությամբ, մեծ համբերատարությամբ, զիջողականությամբ, հաշտվողականությամբ: Սրանք բնավորության այն գծերն են, որոնք անձի անքակտելի մասն են կազմում և պայմանավորում են կնոջ սեռական վարքը: Այս տիպի կնոջ հոգեբանության վրա բացասական կարող է ազդել ոչ թե զուգընկերոջ միակը լինելու փաստը, այլ այդ զուգընկերոջ հետ իր ունեցած ոչ առողջ հարաբերությունները:

Եթե այդ հարաբերությունը առողջ է, այսինքն` նպաստում է երկուստեք լիարժեք ինքնազարգացման և փոխադարձ ինքնաբավարարման, ապա դա կին-տղամարդ հարաբերության ամենակատարյալ տարբերակն է, որ կարող է երբևէ գոյություն ունենալ: Եթե հարաբերությունը առողջ չէ, ապա զուգընկերոջը հանուն հոգեկան առողության փոխելը այնքան էլ խելամիտ որոշում չէ, քանի որ նոր զուգընկերոջ հետ հնարավոր է լինեն նույն խնդիրները: Եթե այդ խնդիրները լուծում ստանան, դա կնպաստի զույգի ամուր կապին ու հոգեսեռական առողջությանը:

Տղամարդկանց դեպքում նույնն է, դարձյալ ամեն ինչ կախված է տղամարդու անձի տիպից, կանանց հանդեպ նրա ունեցած վերաբերմունքից, հոգեսեռական զարգացումից:

Վնասակար է սեռական ստերեոտիպային վարքագիծը, որը կարելի է կոտրել ոչ թե զուգընկերոջ/ուհու փոփոխմամբ, այլ սեփական սեքսուալության դրսևորմամբ:

 


http://hayeli.am/article/378073/