«Նախախորհրդարանի» անդամ, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբից Վարդան Հակոբյանը և  «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը այսօրվա ասուլիսում տեղեկացրեցին,որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը ընդունում է «Փակ շուկան» կառուցապատողի կողմնակիցների բանավեճի առաջարկը, բայց նախապայմաններոեվ. բանավեճը հեռարձակվի առաջատար որևէ հեռուստաալիքով:

Բանախոսները նշեցին, որ իրավապահ մարմինների այն հիմնավորումը, որ հուշարձանը վնասված չէ և քրեական գործ չի կարող հարուցվել, անհիմն է. «Ճարտարապետները բազմիցս հրապարակավ հայտարարել և քննարկել են «Փակ շուկային» հասցված վնասի մասին, այն որ իբր իրավապահները չունեն մասնագիտական գնահատականներ, որ որոշում կայացնեն, սուտ է»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Մենք այստեղ պաշտպանում ենք Սամվել Ալեքսանյանին՝ ինքն իրենից,  Սամվել Ալեքսանյանի միջի մարդուն՝ իր միջի գիշատչից ասաց  «Նախախորհրդարանի» անդամ, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբից Գարեգին Չուգասզյանը։

Չուգասզյանի խոսքով՝ իրենք նպատակին հասնելու համար օգտագործելու են քաղաքացիական ակտիվության, անհնազանդության ողջ զինանոցը, կան եւ կլինեն նաեւ դատական պրոցեսներ, այլապես, նախաձեռնող անդամի պնդմամբ, եթե հասարակությունը կուլ տվեց այս դեպքը, ապագայում մեկ այլ  հուշարձան եւս կարող է նման ճակատագրի արժանանալ։

Անդրադառնալով իրենց կողմից կազմակերպվող ակցիաների մասին հնչող քննադատություններին, մասնավորապես դրանց արդյունավետությանը, Գարեգին Չուգասզյանն ասաց, որ եթե իրենց ակցիաների հետեւանքով փակվում է «Փակ շուկայի» առջեւը, հասարակությունը հնարավորություն է ստանում իրազեկվելու, դա արդեն խոսում է արդյունավետության մասին, այն, որ այս հարցը հայտնվում է լրատվամիջոցներում, նշանակում է, որ այն հասարակությանը հուզում է եւ պետք է արժանանա բավարար ուշադրության։

Հիշեցնենք, որ «Փակ շուկայի» կառուցապատումը սկսվել է 2012-ի հունվարին: Ի սկզբանե նախատեսված էր շուկայի ստորգետնյա հատվածի կառուցապատում: Շինաշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված աշխատանքային նախագծով: Սակայն ամիսներ անց` 2012-ի մայիսին, պարզվեց, որ քանդել են շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնե կամարաձև կոնստրուկցիաները:Այժմ այն վեր է ածվել սուպերմարկետի,որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:


http://hayeli.am/article/378546/