20-ամյա Սամվելը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:
Ըստ դատական ակտի՝ Սամվելը համակրել է Մ.-ին, հաճախակի զանգահարել նրան:
Բայց աղջիկն ընկերություն է արել Փայլակ անունով համերկրացու հետ, ով ընտանիքով բնակվում էր Ռուսաստանում:
Փայլակը իմանալով, որ ընկերուհուն զանգում ու անհանգստացնում է Սամվելը, Ռուսաստանից մի քանի անգամ զանգահարել է նրան, զրուցել աղջկա մասին, բացատրել, որ իրենք ընկերություն են անում:
2012 թվականի սեպտեմբերի 9-ին Փայլակը վերադարձել է Հայաստան: Հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 10-ին, նա զանգահարել է Սամվելին ու հանդիպման կանչել Փարաքարի ճանապարհային ոստիկանության պահակակետի հետնամասում՝ ընկերուհու հարցով խոսելու համար:
Նույն օրը, ժամը 21-ն անց 30-ին երիտասարդները հանդիպել են:
Փայլակը վիճաբանել է Սամվելի հետ: Վերջինս կոպիտ է խոսել:
Փայլակը ձեռքին եղած «Կիլիկիա» գարեջրի լիքը շշով հարվածել է Սամվելի գլխին: Վերջինս քննությամբ չպարզված սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Փայլակի որովայնին ու դիմել փախուստի:
Փայլակի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նա պատահական մեքենա է կանգնեցրել ու հասել Վաղարշապատի հիվանդանոց:
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ժամանակ Սամվելն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ գլխացավերի պատճառով տարկետում է ստացել ու չի զորակոչվել բանակ: Հիվանդության հետ կապված՝ դարձել է էմոցիոնալ, բռնկվող, նյարդայնանում է հատկապես, երբ դիպչում են գլխին:
Դեպքի օրը Փայլակի կանչով գնացել է ժամադրավայր, այնտեղ մոտ տասը տղաներ են եղել:
Երբ ինքն ու Փայլակը խոսել են աղջկա հարցով, այդ տղաները շրջապատել են իրենց, և Փայլակը գարեջրի շշով խփել է գլխի այն հատվածին, որը ցավում է:
Փայլակը մի քանի հոգու հետ իրեն ծեծի է ենթարկել, ինքն ընկել է գետնին, երբ Փայլակը փորձել է նորից հարվածել, ինքը գետնից վերցրել է ինչ-որ ծակող առարկա, թափահարել, որ Փայլակը չմոտենա, դրանից էլ վերջինս վնասվել է:
Ինքը փախել է, որ Փայլակի ընկերները հաշվեհարդար չտեսնեն: Թաքնվել է ծիրանանոցներում:
Չի հիշում, թե ծակող առարկան ուր է գցել:
Գիշերվա ժամը երեքին ծեծկռտուքի հետևանքով ստացած վնասվածքներով տուն է գնացել: Կատարվածի մասին պատմել է ծնողներին: Հետո միայնակ դուրս է եկել տնից ու թաքնվել:
2013 թվականի մայիսի 15-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ցուցմունք է տվել, բայց իրեն մեղավոր չի ճանաչել:
Ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Կարապետյանը հայտնել է, թե Փայլակը հանդիպման էր եկել կռվելու տրամադրվածությամբ: Իրենք խոսել են, Փայլակն ասել է, թե սիրում է աղջկան, ինքն էլ ասել է՝ ձեզ չեմ խանգարի:
Բայց Փայլակն անսպասելիորեն հարվածել է իր գլխին, ինքն ընկել է, նա ցանկացել է նորից խփել, ինքը վեր է կացել ու հարվածել:
Հարցերին պատասխանելով՝ Սամվելն ասել է, թե դեպքի վայրում Փայլակի կողմնակիցներից մոտ տասը հոգի կար, բայց 4-5 հոգին են Փայլակի հետ իրեն ծեծել:
Իր շորերը պատառոտված են եղել: Ինքը պաշտպանվել է: Հոգեպես շատ ծանր վիճակում է եղել, բայց նպատակ չի ունեցել Փայլակին հարվածելու:
Թաքնվել է, որովհետև վախեցել է Փայլակի հաշվեհարդարից:
Գետնից ինչ-որ առարկա է վերցրել ու հարվածել: Երևի ապակի է եղել: Ինքն իրական վտանգ է զգացել, ոտքերով իր գլխին են հարվածել:
Հիվանդանոց չի դիմել, տնային պայմաններում է մշակել վերքերը:
Տուժող Փայլակը նույնպես հիվանդության հիմքով ազատվել էր զինվորական ծառայությունից: Հայաստանաբնակ աղջկա հետ շփվել է համացանցով, հեռախոսով: Մտերմություն են արել, համակրել են իրար: Իմացել է, որ աղջկան անհանգստացնող կա: Մի քանի անգամ Ռուսաստանից զանգել է այդ տղային, քաղաքավարի ձևով զգուշացրել, որ աղջիկն իր ընկերուհին է: Սամվելը խոստացել է չանհանգստացնել:
Ինքը որոշել է Հայաստան վերադառնալուն պես հանդիպել Սամվելին, խոսել աղջկա հարցով: Այդպես էլ արել է: Սամվելի հետ հանդիպման գնացել է մենակ: Մենակ է եկել նաև Սամվելը: Նրա պահվածքը, խոսելը իրեն դուր չեն եկել, հունից հանել են, «Կիլիկիայի» լիքը շշով ոչ ուժեղ խփել է նրա գլխին:
Սամվելը մի քանի քայլ հետ է գնացել, հետո շատ արագ վազել է իր կողմը, ինչ-որ բանով հարվածել իր որովայնին ու փախել:
Փայլակը հայտնել է, թե բուժման նպատակով Հայաստանում չի լինելու, չի ցանկանում ծանոթանալ քրեական գործի նյութերին, խնդրել է հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը:
Տուժողը հայտնել է, թե Սամվել Կարապետյանից պահանջ չունի, նրա պատասխանատվության հարցը թող լուծվի օրենքով:
Տուժողը դատարան չի ներկայացել:
Ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Կարապետյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 3 տարի ազատազրկման: Կարապետյանի նկատմամբ համաներում է կիրառվել, և նա ազատվել է պատժից: Սամվել Կարապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
1in.am