Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ սեռական փոքրամասնությունների հարցով, ասված է կազմակերպության կայքում:
Նամակը նաև վերահղվել է վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Նշվում է, որ նամակով մտահոգություն է հայտնվում օգոստոսի 15-ին ՀՀ Ոստիկանության կայքում հայտնված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկի առիթով. ըստ այդմ՝ առաջարկվում էր պատիժներ սահմանել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար:
Կազմակերպությունը նշում է, որ այդ քայլը կլիներ խոսքի ազատության ոտնահարում և լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ մարդկանց դեմ խտրականություն:
Նշվում է նաև, որ ճիշտ է՝ ոստիկանությունն այնուհետ հեռացրել է առաջարկն իր կայքից, սակայն մտահոգություն կա, որ մյուս կառույցները ևս կարող են նման առաջարկներով հանդես գալ:
Ըստ կազմակերպության՝ ճիշտ չէ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկի մասին իմացել են միայն հրապարակումից հետո:
Այնուհետ առաջարկություն է արվում, որպեսզի Հայաստանի կառավարությունը սատարի սեռական փոքրամասնություններին և կանխի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային կառույցների դրույթների խախտումը, որոնց անդամ է Հայաստանը:
Աղբյուր՝ www.tert.am