«Լֆիկները կարող են մեր երկրում ամեն ինչ անել»,- հոկտեմբերի 19-ին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հերթական ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, երբ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ հոծ գծի կոպիտ խախտումով վթարային իրավիճակ ստեղծեց «Մերսեդես G500» մակնիշի HOV 555 համարանիշով հայտնի սպիտակ մեքենան, որը, ինչպես ավելի հայտնել էր NEWS.am-ը, ակցիաների առաջին օրվանից հետեւում է ակտիվիստներին, եւ վերջինների խոսքով, պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Ավելին՝ ակտիվիստները կասկած չունեն, որ շատ հաճախ պատգամավորն ինքը մեքենային մեջ է լինում։

«Փորձում են հոգեբանորեն ճնշում գործադրել։ Նախ՝ վրացական համարներով մեքենան իրավունք չուներ 15 օրից ավելի Հայաստանում ֆռֆռալու, բայց ինքը արտոնյալներից է։  Ծիծաղելի է։ Ի՞նչ ասես, եթե պատգամավորն իր գործը թողած, օրենքներ ստեղծելու փոխարեն հետեւում է մեզ»,- NEWS.am-ին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը։

Այսօրվա ակցիայի ժամանակ նույնպես, սկզբից մինչեւ վերջ ոստիկանների հետ միասին մեքենան հետեւում էր ակցիայի ամբողջ ընթացքին։ Վարորդը բոլորովին չէր կաշկանդվում NEWS.am-ի տեսախցիկի առկայությունից, ավելին՝ «թիթիզանում էր» իր «քսենոն լույսերով»։