Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարկանց և կանանց մոտ 12%-ը ընդհանրապես չեն կարողացել մտաբերել, թե երբ են վերջին անգամ համբուրվել: Համբուրվելը յուրաքանչյուրիս կյանքում այնքան ինքնաբուխ և բնական երևույթ է դարձել, որ շատ հաճախ մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս: Բայց իզուր, քանի որ վերջինս ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, այլև բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը: Համբույրի մոգական ուժը թույլ է տալիս ձեռբազատվել նույնիսկ զկրտոցից:
Համբուրվելու արվեստը գալիս է դարերի խորքից: Այն ռոմանտիկ և հանելուկային երևույթ է: Առանձնահատուկ կախարդանք ունեն ամենաանմեղ, համարյա մայրական սուրբ քնքշանքները երեխայի հանդեպ, որոնք և’ ցավն են մեղմում, և’ վերքերն են ամոքում: Լինում են նաև նենգ համբույրներ, ինչպիսին, օրինակ, Հուդայինն էր` դավադրությամբ դրոշմված Քրիստոսի ճակատին: Գոյություն ունեն նաև այսպես կոչված հեռահար նպատակներ հետապնդող համբույրներ, կրոնական և ծիսական համբույրներ, ինչպես նաև ողջույնի, քաղաքական, ընկերական և էրոտիկ համբույրներ…
Հակառակ տարածված այն կարծիքի, թե համբուրվելը միայն բանական մարդուն է հատուկ` ամերիկացի մարդաբանները պնդում են, որ մինչև մարդ արարածի հայտնվելը շիմպանզեներն ու օրանգուտանգները վաղուց արդեն «տրվում էին» այդ զբաղմունքին: Այդ հաճելի «նախապատմական ժառանգությունը» յուրացվել և իր ուրույն տեղն է գտել աշխարհի ժողովուրդների 90%-ի մոտ: Մնացած 10%-ը կազմում են Աֆրիկայի հարավում բնակվող տոնգա ցեղի ներկայացուցիչները, որոնց կարծիքով համբուրվելը պարզապես նողկալի երևույթ է, և վերջիններիս հյուսիսային եղբայրակիցները, որոնք էլ իրենց հերթին համբուրվելը կատարյալ անվայելուչ արարք են համարում: Նույնիսկ քթերն իրար քսելու համբավ ունեցող էսկիմոսները չեն բացառում «շուրթերի միաձուլումը». պարզապես նրանց համբույրը խիստ յուրօրինակ բնույթ է կրում, ինչն էլ կողմնակի դիտորդի աչքերում նույնացվում է «քթերով համբուրվելու» հետ:
Անտիկ տարեգիրների վկայությամբ Հին Հռոմում մարդիկ համբուրում էին գրեթե յուրաքանչյուր հանդիպածին (բացառություն էին կազմում միայն ստրուկները): Դրան հակառակ` միջնադարյան իտալացին ստիպված էր կնության առնել այն աղջկան, որին համբուրել էր մարդաշատ վայրում: Իսկ Ասիայում, օրինակ, համբուրվելը մինչ օրս խիստ անձնական երևույթ է համարվում, և զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ-ները) մեկը մյուսին հաջորդող արշավներ են կազմակերպում` պարսավելով հասարակական վայրերում համբուրվող երիտասարդներին: Առավել պահպանողական համարվող ճապոնական դաստիարակության կանոնները պահանջում են ընկերներին, կողակիցներին և սիրեցյալներին հասարակական վայրերում ողջունել` լոկ բարեկրթորեն գլուխ տալով: Նույնիսկ երկարատև բացակայությունից հետո տուն վերադարձող զինվորի մայրն ու կինն իրենց կարոտն արտահայտում են միմիայն քնքշալից ժպիտով:
Ի դեպ, համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ է համարվում: Բոլորովին վերջերս Թայլանդում տեղի ունեցող ամենաերկարատև համբույրի մրցույթում բավականին հետաքրքրաշարժ մի դեպք պատահեց: Նախկինում իրար անծանոթ մի աղջիկ ու մի պատանի, որոնք «տարերայնորեն» որոշել էին մասնակցել այդ արտառոց մարաթոնին, մի քանի ժամ տևող համբույրից հետո ամուսնության որոշում կայացրին:
«Հոգու ներթափանցման» միջոցով կարելի է վարակվել գրիպով, ինֆեկցիոն մոնոնուկլեոզով, տոնզիլիտով, դիֆտերիայով, կապույտ հազով, կարմրուկով, քութեշով, ստոմատիտով, հերպեսով:… Տեսականորեն համբույրը կարող է նպաստել նույնիսկ ՁԻԱՀ-ով, պալարախտով և կենցաղային սիֆիլիսով վարակվելուն. էլ չենք խոսում օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին: Բերանի խոռոչի լորձաթաղանթում հայտնաբերվել են տարրեր, որոնք կարող են խթանել գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև Helikobacter pylori բակտերիայի զարգացումը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ համբույրը կարող է նաև նման հիվանդությունների տարածման պատճառ դառնալ: