Ոստիկանությունը միտումնավոր փորձում է տարանջատել «Փակ շուկայի» վրա տեւական ժամանակ փակցված պաստառի փաստը Կարո Եղնուկյանի մեքենաների անվադողերը վնասելուց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը։

Նա նշեց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ այդ պաստառը փակցնողը սերմանում է ատելություն իր նկատմամբ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Ակտիվիստը պահանջում է, որպեսզի քրեորեն պատժվի այդ պաստառի հեղինակը, քանի որ ատելություն սերմանելը կարող էր բռնություն կիրառելու հետեւանք լինել։

Նա նույնիսկ դիմումներ է գրել իրավապահ մարմիններին՝ զգուշացնելով այդ մասին, սակայն ապարդյուն: Իսկ դրան հետեւեցին արդեն հոկտեմբերին իր մեքենաների անվադողերը վնասելու դեպքերը։ «Եթե այս երեք գործը միացնեն, պատճառահետեւանքային եզրակացություն անեն, ոստիկանությունը պարտավոր կլինի ապահովել իմ եւ ընտանիքիս անդամների անվտանգությունը, իսկ տարանջատելով փորձում են որակել, որ դա խուլիգանոթյուն է։ Չեն ուզում կապել այս հարցը, որը կարող է գնալ մինչեւ հասցեատերը, որը Սամվել Ալեքսանյանն է»,- ասաց Կարո Եղնուկյանը։

Նա պատրաստվում է դիմել դատախազություն՝ բողոքարկելով ոստիկանության որոշումները, քանի որ համոզված է որ այդ պաստառով փորձ է կատարվում բնակչության մեջ սեպ խրել «ախպարների» եւ «ոչ ախպարների» միջեւ։

Ասուլիսի բանախոսներից՝  «Նախախորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Կարո Եղնուկյանի մեքենան վնասելու գործով կա վկա, որը այդ օրը տեսել է Սամվել Ալեքսանյանին եւ նրա մտերիմներին. Ալեքսանյանը երիտասարդին ասել է, թե «կարո՞ղ ես անել», վերջինս էլ պատասխանել է, թե «կասկածող լիներ» եւ այդպես նրանք հեռացել են մթության մեջ։

Ասուլիսի բանախոսներից՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այս ամենի մեջ որեւէ նոր բան չի տեսնում. «շարունակվում է գործողությունների շղթան, դա արդեն կառավարման պրակտիկա է դարձել»։ Նրա համար մտահոգիչ է, որ դա արվում է, որպեսզի հասարակությունը վարժվի այդ ամենին։ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ոստիկանությունից ընդամենը պահանջվում էր «Փակ շուկայի» սեփականատերը հանդիսացող անձից ճշտել, թե ինչու է նա թույլ տվել այդ պաստառը փակցնել այդտեղ: «Ցինիզմի այդ աստիճանը դառնում է վտանգավոր, սա այն ճանապարհը չէ, որը մեզ կբերի տաճար, սա ճանապարհ է, որը մեզ հեռու է տանում քաղաքակրթական այն աստիճաններից, որին ձգտում ենք եւ որին արժանի ենք»։


Աղբյուր՝ news.am