Երեկ Երևանում փակվել է միանգամից մի քանի «Սթար» սուպերմարկետ, մասնավորապես՝ Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաների վրա գտնվողները: Ավելի վաղ փակվել էին Կոմիտասում, Նոր Նորք վարչական շրջանի շուկայի հարևանությամբ, Ազատության պողոտայում գտնվող «Սթար» սուպերմարկետները:

Այս սուպերմարկետները ամիսներ շարունակ գրեթե կիսադատարկ վիճակում էին, ինչը վկայում էր, որ շուտով կփակվեն:

«Սթար»-ի աշխատակիցների խոսքով՝ ընկերությունը սնանկացել է, ինչի պատճառով էլ սուպերմարկետները փակվում են: Ընդ որում, արդեն իսկ փակված սուպերմարկետների աշխատակիցների աշխատավարձերը ընկերությունը դժվարությամբ է տալիս:

Աշխատակիցներից մեկն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ իրենց առաջարկվել է աշխատավարձի դիմաց վերցնել սուպերմարկետում մնացած ապրանքներից:

Նշենք, որ մինչ սնանկացումը՝ «Սթարը» ռեբրեդինք եղավ՝ վերանվանվեց «Սթար մաքսի», ապա իրեն միավորեց նաև «Ֆրեշ» սուպերմարկետները, սակայն դա էլ «Սթար»-ին չփրկեց սնանկացումից:

Ուշագրավ է, որ «Սթար» սուպերմարկետների փակմանը զուգահեռ՝ մեկը մյուսի հետևից բացվում են նոր «Երևան Սիթի»-ներ, որոնք, ինչպես հայտնի է, պատկանում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Նոր «Սիթի» է բացվել Նոր Նորքում, բացվեց «Փակ Շուկա-Երևան Սիթի»-ն, մամուլում գրվեց, որ Արեշ թաղամասի շուկան ևս շուտով կդառնա «Երևան Սիթի»:

Օրերս էլ «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում բացվեց նոր՝ «Գուռման» սուպերմարկետը, որը նույնպես պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Փաստորեն այս ոլորտը ևս օլիգարխ-պատգամավորը հավակնում է մենաշնորհել:
Աղբյուր՝ www.1in.am