Նոյեմբերի 7-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 28-ի որոշումը բեկանելու Մաշայի եւ Սոնայի հայցը, որոնք դատական գործում ներկայացված են որպես միասեռականներ։

Նրանք իրենց փաստաբան Մարինե Գրիգորյանի հետ փորձում էին թույլ չտալ NEWS.am-ի թղթակցին` մտնել դահլիճ և մասնակցել դռնբաց նիստին։ Երբ մեր թղթակիցը պնդեց, որ իրավունք ունի բաց դատին ներկա լինել, եւ միայն դատավորը կարող է արգելելու որոշում կայացնել, նրանք համակերպվեցին դահլիճում լրագրողի ներկայությանը, բայց խնդրեցին լուսաբանելիս իրենց ներկայացնել այն անուններով, որոնցով իրենց ճանաչում են. 

«Եկել եք մեր դատը լուսաբանելո՞ւ: Համեցեք, բայց խնդրում եմ, էլի, մեր կանացի անուններով մեզ ներկայացնես: Ես Սոնան եմ, ինքն էլ՝ Մաշան», – ասաց Սոնան, որը Արարատի մարզից է։

Մաշան ասաց, որ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հրապարակել են իրենց իսկական անունները, իրենք խնդիրներ են ունեցել հարազատների հետ. «Էնքան մեր մասին գրեցին, որ էս խեղճ տղային իր տնից հանեցին, գցեցին դուրս: Փոքր գյուղա, սաղ իմացան։ Ընտրությունները պրծան, մարդկանց թեմաները պրծան, դրա համար էլ մենակ մեր մասին են սաղ խոսում ֆեյսբուքում: Ըհը տեսեք` էս մարդու իսկական անունը գրեցիք, տնից հանեցին: Չեք հասկանում, որ սաղ էն նորագյուղցի ապերոներն արեցին, մեր գլխին սարքին»,- գոռում էր Մաշան:

Ժամը 12:00-ին նշանակված դատը սկսվեց 40 րոպե ուշացումով: Դատավոր Արմեն Դանիելյանը հայտնեց, որ մեղադրող կողմն անհայտ պատճառներով բացակայում է: Նրա առաջարկով դատը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ Մաշայի եւ Սոնայի տված ցուցմունքներն այն մասին, որ 2012թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 01:09-ին Կոմայգու մոտ իրենց և ևս երկու «ընկերուհիների»  ծեծի են ենթարկել՝ հափշտակելով «Սոնայի» պայուսակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար, «անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»:

Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրանց նկատմամբ պատիժ կիրառեց` տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով: Հոկտեմբերի 2-ին «Սոնան» ու «Մաշան» դիմել են ՀՀ Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել կայացված վճիռը:


Աղբյուր՝ news.am