Ֆրանսիական հասարակությունում եռում են քննարկումներն իշխանությունների նախաձեռնության շուրջ, որով նրանք ցանկանում են խոշոր տուգանքներ սահմանել մարմնավաճառների ծառայություններից օգտվողների դեմ՝ հայտնում է International Business Times-ը:

Մոտ ժամանակներս Ֆրանսիայի Ազգային ժողովի ներկայացուցիչները կքննարկեն օրինագիծ՝ ուղղված կավատությամբ զբաղվող ցանցերի գործունեության դեմ: Այն կազմված է ավելի քան 20 դրույթից, որից մեկը հանցագործ է ճանաչում նրանց, ովքեր օգտվում են մարմնավաճառների ծառայություններից: Մարդը, ով կբռնվի նման զբաղմունքի համար, կտուգանվի 2000 դոլարով: Իսկ եթե օրենքը խախտվի երկրորդ անգամ, տուգանքը կրկնակի կավելանա: Բացի այդ, մեղադրյալները ստիպված կլինեն «մարմնավաճառության» մասին դասընթացներ լսել:

Փորձագետները կարծում են, որ նման օրինագիծը մեծ հավանականությամբ կընդունվի, մինչդեռ հասարակությունը դժգոհում է կառավարության՝ իրենց անձնական կյանք ներխուժելու փորձերից:

Հարցի շուրջ խորհրդարանական լսումները նշանակված են նոյեմբերի 27-ին:
Աղբյուր՝ www.1in.am