Սայաթ Նովա 10 ⁄ 5 հասցեում շինարարությունը շարունակվում է: Առավոտյան բանվորների հետ կրկին բակ են եկել երիտասարդ տղաներ, որոնք, բնակիչների խոսքով, շենքի բակում կանգնելուց և ռեպլիկներ բաց թողնելուց բացի ոչինչ չէին անում:

Նրանցից մեկը բնակիչներին ասել է, որ ինքը «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի անվտանգության աշխատող է:

«Շինարարներ գալիս են, խնդրեմ, շինարարները թող իրանց գործը անեն, «Լարկո գրուպից» ներկայացուցիչներ են գալիս, խնդրեմ, թող իրանց գործը անեն, բայց գալիս են սևազգեստ տղաներ, ու չեմ հասկանում, ուղղակի կանգնում են ու նայում են էս պատուհանին, էն պատուհանին, ռեպլիկաներ են բաց թողնում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Սայաթ Նովա 12 շենքի բնակիչ Անաիդա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բնակիչները՝ մոտ 400 մարդ, ստորագրել են քաղաքապետարան ուղարկված դիմումի տակ, որում պահանջում են դադարեցնել «Լարկո գրուպի» կողմից կառուցվող բարձրահարկի «ապօրինի» շինարարությունը, որը կառուցվելու դեպքում փակելու է իրենց բնակարանների լույսը, դեպի իրենց շենքեր տանող հրշեջ մեքենաների ճանապարհը, զրկելու է իրենց երեխաներին բակային տարածքից եւ թուլացնելու է իրենց  շենքերի սեյսմակայունությունը։


Աղբյուր՝ news.am