Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, երեկ` նոյեմբերի 16-ին, Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է , որ նույն օրը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84-րդ կմ-ում, Դիլիջանի 1-ին ոլորանում , Վրաստանի քաղաքացի 36-ամյա Թեհմուրազ Խարշիլաձեն, ով աշխատում է Ռուսթավի քաղաքում գործող «ANANI» ֆիրմայում, իր կողմից վարած DAS –XF 430 մակնիշի GWG 281 համարնիշի բեռնատար ավտոմեքենայով, դեպի Դիլիջան ընթանալիս, ճանապարհի բանուկ մասում կողշրջվել և ընկել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող Վրաստանի քաղաքացի 47-ամյա Վաժա Օստատիշվիլիի վարած Mercedes Vito 111 GLI մակնիշի DDS 219 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Վ. Օստատիշվիլին և նրա կողմից վարած ավտոմեքենայի ուղևորներ` Վրաստանի քաղաքացիներ 30-ամյա Նինո Գոգոխիեն, ով աշխատում է Աթ-նաթի կազմակերպությունում, որպես կոորդինատոր, 34-ամյա Գիորգի Կուպատաձեն, ով աշխատում է IWPR կազմակերպությունում, որպես խմբագիր, 62-ամյա Մանանա Գաբաշվիլին, ով աշխատում է DIPA ինստիտուտում, որպես դեկանի տեղակալ, 42-ամյա Էլենա Ռոսեցկոն, ով աշխատում է WISW կազմակերպությունում, որպես տնօրեն, 48-ամյա Եկատերինա Մինդժոռաիան, ով աշխատում է MMS կազմակերպությունում, որպես կոորդինատոր, 26-ամյա Արտշիլ Տոդուան և 35-ամյա Բեք Բադժելիձեն, ով աշխատում է, որպես TWPR կազմակերպության տնօրեն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար ժամանել էին Դիլիջանի ոստիկանները, Դիլիջանի հիվանդանոցի հերթապահ խումբը, Դիլիջանի հրշեջ փրկարաներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր 3 ժամից ավել աշխատանքներ կատարելու արդյունքում հատուկ տեխնիկայով ու վերամբարձ կռունկով կարողացան վարորդին դուրս բերել սեղմված ավտոմեքենայի միջից:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի