Կանադացիներ Ջորջ Ռեյնսը ու Քերոլ Հարիսը ամուսնացել են իրենց առաջին համբույրից 75 տարի անց: Մի քանի օր առաջ Սենտ Ջոնսում տեղի ունեցած հարսանիքի մասին հայտնում է CBC-ը: Զույգն ամուսնացել է բապտիստական եկեղեցում: Թե քանի հյուր է մասնակցել հարսանիքին ու որտեղ են մեկնել նորապսակները մեղրամսին՝ հայտնի չէ:

83-ամյա նորապսակների խոսքով՝ առաջին անգամ իրենք հանդիպել են առաջին դասարանում՝ 1936թ.: Երրորդ դասարանում դպրոցական ներկայացման մեջ առաջին անգամ տղան համբուրել է համադասարանցի աղջկան:

Դպրոցից հետո նրանց ճանապարհները բաժանվել են: Ջորջը մեկնել է Օնտարիո, ամուսնացել, իսկ Հարիսը երբեք չի ամուսնացել: Այս տարիներին նրանք նամակագրական կապ են ունեցել:

2013թ. ամռանը Ջորջը եկել է Սենտ Ջոնս ու սկսել ժամանակ անցկացնել Հարիսի ընկերակցությամբ: Ի վերջո՝ նա որոշել է ամուսնության առաջարկ անել կնոջը:

Աղբյուր՝ www.1in.am