Դժվար է ասել՝ որքանով են ցանկալի համացանցի ընձեռած անսահմանափակ հնարավորությունները: Ցանկացած տեսակի տեղեկատվություն առանց դժվարության ստանալը պարզվում է՝ լի է վտանգներով:
Ladynews.am-ն անդրադառձել է ամենաարդիական խնդիրներից մեկին՝ պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի, տեսանյութերի, ֆիլմերի հասանելիությանը, դրանց ազդեցությանն ու սպառնացող վտանգներին: Թեմայի շուրջ զրուցեցինք ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ:
«Ինչպես գիտենք, ինտերնետային աղբյուրները գտնվում են, մեղմ ասած, ազատ վիճակում, իսկ այդ ազատությունն էլ իր մեջ ներառում է բարձիթողի վիճակ: Դա հնարավորություն է տալիս կարդալու ցանկացած տեսակի և բովանդակության նյութ: Այստեղ խնդիրն այն է, որ որևէ առումով ապահովագրված չենք՝ տարիքային ինչ խմբի ներկայացուցիչներ են կարդալու, և ինչպիսի արձագանք է դա գտնելու տվյալ նյութը կարդացող անհատի ներաշխարհում»,- խոսելով թեմայից՝ ասաց սեքսապաթոլոգը:
Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է այնպիսի տեղեկատվության, որն ընկալելի չէ տվյալ տարիքային խմբի համար. «Երբ երեխան կարդա կամ դիտի սեռական բնույթի նյութեր կամ ֆիլմեր, ապա դա կանդրադառնա նրա հոգեսեռական զարգացման ռիթմի արագացման վրա, որն էլ, իր հերթին, չի համապատասխանի մարմնասեռական զագացմանը»: Մասնագետի խոսքով՝ այս պարագայում առաջ է գալիս աններդաշնակություն՝ մարմնասեռական և առաջ ընկած հոգեսեռական զարգացման միջև, որն էլ կարող է պատճառ հանդիսանալ ներքին ներանձնային կոնֆլիկտի առաջացմանը՝ երեխայի կամ դեռահասի մոտ, հետագայում էլ գուցե ազդի նրա սեռական կյանքի վրա:
«Քիչ չեն դեպքերը, երբ դիտում են որոշակիորեն աղավաղված նյութեր, որի հեղինակներն այդ նյութերում դնում են ինչ-որ թաքնված ենթատեքստ, այսինքն՝ չափահաս մարդն այն կարող է դիտել և չընկալել պաթոլոգիկ կերպով, իսկ դեռահասի կողմից կարող է ընկալվել նման կերպ և նա կընկնի այն թակարդը, որը տվյալ հեղինակները պատրաստել են»,- պարզաբանեց Սևադա Հակոբյանը: Նրա խոսքով’ դեռահասները շատ խոցելի են. նրանց մոտ դեռևս ձևավորված չէ հոգեսեռական զարգացումը, սեռական կողմնորոշումը, սեռադերային վարքն էլ դեռևս հաստատման փուլում է գտնվում: Այս պարագայում տվյալ անհատի մոտ վերոնշյալ նյութերն ու ֆիլմերը կարող են խթանող նշանակություն ունենալ. «Հետագայում դա կարող է դրսևորվել ինչպես սեքսուալ ագրեսիաների տեսքով, այնպես էլ վաղ սեռական կյանք սկսելու փաստով: Վերջինս, իհարկե, ունի իր բացասական հետևանքները, քանի որ մարմնասեռական զարգացումը դեռևս պատրաստ չէ սեռական կյանքին, իսկ հոգեսեռական զարգացումն առաջ է ընկել: Վաղ հասակում սեռական կյանք սկսելով՝ մեծ են այն սխալների հավանականությունը, որոնք դեռահասները կարող են թույլ տալ. չկան դեռևս կազմավորված բարոյական ներքին արժեքներ, ուստի այս պարագայում ևս կարող են խոցելի լինել ու ճիշտ ուղուց շեղվելու վտանգ կառաջանա»:
Մանրամասն` այստեղ:
Աղբյուր՝ lurer.com