Սեռավարակները հաճախ կլինիկորեն չեն արտահայտվում, սակայն զարգանալով կարող են հասցնել անպտղության, իսկ մեզ մոտ կա ժողովրդագրական տխուր պատկեր: Նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ սեռավարակների տարածման առումով երեք վտանգավոր խումբ կա:

Առաջինը մարմնավաճառներն են: «Որքան էլ մեզ համոզեն, որ պարբերաբար անցնում են ստուգումներ, դրանք երբեմն կասկածելի են, երբեմն թերի: Նաև արտագնա աշխատանքի մեկնողներն են ռիսկային խումբ. երբ այդ աշխատանքից վերադառնում են, կարճ ժամանակահատվածում ամուսնանում, հետո կանգնում լուրջ խնդիրների առաջ, չմտածելով անգամ անցնել բժշկական հետազոտություն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար, մինչդեռ այստեղ արդեն ոչ միայն իր առողջության հարցն է, այլև կնոջ»,- ասաց նա: Հեռագնա աշխատանքի մեկնողները՝ վարորդները, նույնպես ռիսկային խումբ են, քանի որ ճանապարհային մարմնավաճառների ծառայություններից են օգտվում:

Շահրամանյանի խոսքով՝ երբեմն սեռավարակների կանխարգելման միջոցառումները շատ զավեշտալի են, ասել է թե՝ ավանդական. ամեն մեկն իր լսածն է կիրառում՝ լվացումներ, միզել, գարեջուր և այլն, սակայն լուրջ մոտեցում չկա, և դա ստիպում է մասնագետներին պարբերաբար զգոնության կոչով հանդես գալ, քանի որ իրենց խնդիրը ոչ միայն բուժումն է, այլև կանխարգելումը: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ևս կատարվում են, հատկապես երիտասարդների շրջանում տեղեկատվական աշխատանքներ են տարվում: «Ես նկատեցի վերջերս պահպանակների բաժանման միջոցառում, որը չեմ ողջունում. դա հարցի լուծում չէ, եթե անձը տեղյակ չէ տարրական, ամենակարևոր հարցերին՝ սեռավարակներից խուսափելու համար, ապա պահպանակներ բաժանելն այս դեպքում լուծում չէ, շատ դեպքերում երիտասարդները դրանից օգտվելու ձևն անգամ չգիտեն: Այն երկար չի կարող պահվել, քանի որ արդյունքում դրա վրա միկրոճաքեր են առաջանում, և այն այլևս արդյունավետ չէ: Երիտասարդները պետք է սեռապես գրագետ լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով երիտասարդների կողմից մասնագետներին ուղղվող երբեմն խիստ ինտիմ հարցերին պատասխանելու նպատակահարմարությանը՝ նա նշեց, որ հարցերին պատասխանում է բավական զգույշ: Շահրամանյանն ասաց, որ այստեղ հակաէսթետիկ ոչինչ չկա, սեռական առողջությունն ընդհանուր առողջության մի մասն է: «Ի վերջո, դա գերադասելի է, քան այն ֆիլմերը, որ կան համացանցում, և որոնք ուղեցույցի դեր են ստանձնում»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ մշտապես հետևում է այս նուրբ թեմաների շուրջ իր ասածի ճիշտ ներկայացմանը, անգամ երբ իրեն հարցեր են ուղարկում, խնդրում է հետ ուղարկել նյութը, որպեսզի տեսնի, որովհետև հետո այնպիսի վերնագիր են դնում, որ ինքը կարդում է ու ամաչում:
Աղբյուր՝ www.1in.am