Արդյո՞ք թլպատումը կարող է անդրադառնալ իմ հետագա սեռական կյանքի վրա և ինչպիսի՞ ազդեցություն կունենա իմ կնոջ առողջության վրա:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Պետք է ասել, որ թլպատման օգտակարության և վնասակարության մասին չկան առայժմ հստակ գիտական եզրահանգումներ: Բժշկական տեսանկյունից, եթե առկա են թլպատման ցուցումներ (թլիպի մաշկի դեֆորմացիաներ, նեղացումներ, շաքարային դիաբետի հետևանքով փոփոխություններ, օնկոլոգիական կասկածներ և այլն), ապա այն պետք է կատարել միանշանակ: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ թլպատված տղամարդկանց և նրանց կանանց մոտ ավելի քիչ են արձանագրվում սեռական օրգանների քաղցկեղային հիվանդություններ:
Իհարկե, վիրահատական միջամտությունից հետո պահանջվում է ժամանակ, առավել հետևողական հիգիենա, որպեսզի օրգանիզմն ադապտացվի նոր զգացողություններին և պայմաններին: Հնարավոր է որոշակի ազդեցություն ունենա սեռական ակտի տևողության վրա (երկարում է տևողությունը): Ընդհանուր առմամբ, ֆունկցիոնալ տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ:
Կան գիտնականներ, որոնք խիստ բացասական են վերաբերվում հատկապես որոշ ազգերի մոտ ավանդական թլպատմանը մանկական տարիքում՝ համարելով այն ավելորդ չհիմնավորված տրավմա:
Աղբյուր՝ www.slaq.am