43-ամյա Պետրոս Ղ.-ն մեղադրվում է քեռորդու մեքենայում Լ. Ու.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Արմավիրի մարզի  ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 43-ամյա Պետրոս Ղ.-ն, Արմավիր քաղաքի «Պետական ինդուստրիալ մանկավարժական»  քոլեջի մերձակայքում իր քեռորդի Անդրանիկ  Ղ.-ի «Օպել-Վեկտրա» ավտոմեքենայի սրահում հարվածներ է հասցրել Արմավիր քաղաքի բնակչուհի Լ. Ու.-ն եւ նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարել:

Այսինքն` Պետրոս Ղ.-ն մեղադրվում է ՀՀ քր.օրի 139 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ (համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 11-ին: Առաջիկայում կնշանակվի  դատական քննության օրը:


Աղբյուր՝ news.am