Նա մեծ վրդովմունքով պատմել է արդեն մեկ տարի շարունակ իր եւ իր ընտանիքի անցած մղձավանջային ուղու մասին: Գ.Ֆ.-ն նշել է, որ 13-ամյա որդուն ՌԴ Վոլոգդա մարզի Տոտմա քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում տարիներ շարունակ անդադար ծեծի են ենթարկել:

5-րդ դասարանում տղային ծեծել էին 3 համադասարանցիները եւ աթոռով խփելով երեխային՝ կոտրել էին 3 ատամը:

«Այդ անգամ գնացի դպրոց, զգուշացրեցի թե՛ ծեծող երեխաների ծնողներին, թե՛ դպրոցի ուսուցչական կազմին ու տնօրենին, որ եթե կրկնվի, դատարան կդիմեմ: Այդ անգամ ներողություն խնդրեցին, ներեցինք, անցավ-գնաց: Բայց արի ու տես՝ ոչինչ էլ չի անցել-գնացել»:

Տուժած երեխայի հոր խոսքով՝ 2012-ի դեկտեմբերի 21-ին տղային 3 մեկ այլ դասարանի աշակերտներ բոլորի աչքի առջեւ ծեծել են, իսկ մնացածը կանգնած նայել են. «Դեպքից մեկ ժամ անց զանգեցին, թե եկեք դպրոց: Կրկնում եմ՝ մեկ ժամ անց, մտածում էին ինչ անեն, երեւի: Տեսնում եմ բոլորը նստած են ուսուցչանոցում, իսկ արնաշաղախ երեխայիս միայնակ դրսի դռան մոտ էին նստեցրել»:

«Տղաս պատմում է, որ 3 հոգի ցածր դասարաններից եկան, ասեցին «Уйди отсюда чурка», երեխաս ասել է, թե՝ ես «чурка» չեմ, ամենավերջին բառերով որդուս հայհոյել են, քաշքշել ու սկսել են խփել: Համադասարանցիներն էլ կանգնել նայել են, թե ինչպես են երեխային ծեծի ենթարկում: Հրավիրված ոստիկանները սկսեցին մի բան էլ իմ արնաշաղախ երեխային մեղավոր ճանաչել, երեխայիս քթից արյուն էր գալիս, արնաշաղախ երեխաս կանգնած է դիմացս, իսկ բոլորն ասում են, թե դուք եք մեղավոր, ծեծի ենթարկող լակոտներն էլ առիթավորվելով, որ բոլորն իրենց կողմն են, սկսեցին մեծ-մեծ խոսել: Էդ պահին չդիմացա, որպես խրատ ապտակ հասցրեցի երեխաներից մեկին, ով շարունակում էր որդուս վիրավորել»,- վրդովված պատմել են ծնողները:

«Արդյունքում մի բան էլ իրենք դիմեցին հաշտարարական դատարան: Ամենասարսափելին այն է, որ դպրոցի տնօրենը, ուսուցչական ողջ կազմը դատարանում իմ ու մեկ տարի շարունակ անընդհատ ծեծի ենթարկված որդուս դեմ սկսեցին ցուցմունք տալ: Դե գիտեին, որ իրենք էլ են պատասխանատու երեխայիս ծեծի ենթարկելու համար, պատասխանատվությունից խուսափելու համար էին դա անում:

Իսկ ես դեպքի մանրամասները հենց տղայիս համադասարանցիներից եմ իմացել, աղջիկները պատմում էին, որ մեկը բռնել է երեխայիս կոկորդից, ցանկացել է խեղդել, իսկ մյուսները խփել են: Երեխայի ծեծելու միակ պատճառն էլ եղել է, որ հայ է, ուղղակի հայ, այլազգ է, ու դրանով ամեն ինչ ասված է սրանց համար… Չնայած որ ծնվել է այստեղ, ՌԴ քաղաքացիություն ունի, դպրոցում գերգերազանց է սովորում, բազմաթիվ գովասանագրեր ունի»:

Դատարանը որոշել է, որ ես «տուժող» կողմին պիտի 12.000 ռուբլի բարոյական վնասի, 6000 ռուբլի պետական հարկ, 1950 ռուբլի հայցվորի իրավաբանական ծախսեր վճարի հայ ընտանիքը: Ու դա այն դեպքում, երբ տղան 2 շաբաթ հիվանդանոցում է պառկել գանգուղեղի ցնցումով, քթի կոտրվածքով:

Դիմեցի վերաքննիչ դատարան, բայց ցինիկ դատավորն անփոփոխ թողեց որոշումը»,-նշել է ծնողը:

http://www.galatv.am/