Aravot.am-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 28-ին Մոսկվայից Գյումրի ժամանողների ուղեբեռը տեղ չէր հասել, որն էլ դարձել էր թունդ վիճաբանության, ծեծկռտուքի, ընդհուպ մինչեւ օդանավակայանի ապակիներից մեկը կոտրելու առիթ: Խոսքը 1 տոննա ուղեբեռի մասին էր:

Ուղեւորափոխադրումն իրականացնող ռուսական «Ուրալավիա» ընկերության առաջին իսկ չվերթով, հունվարի 3-ին, այն հասցվել է Գյումրի, սակայն, ըստ բեռի տերերի, ուղեբեռը նեխել է եւ այնպիսի մի հոտ է ընկել Շիրակ օդանավակայանում, որ շնչել չի լինում:

Բանն այն է, որ դեկտեմբերի 28-ին Մոսկվայից Գյումրի ժամանողների մեծ մասը ռուսական կոնֆետներ ու հանրաճանաչ ֆիրմաների երշիկներ են գնել ամանորյա սեղանին դնելու համար, օրինակ` «Միկոյան», «Չերկիզովսկի», որոնք եւ մի քանի օր ճանապարհին մնալով՝ հասցրել են հոտել: Հասցեատերերն արդեն իսկ հերթով գնում են իրենց այլեւս ոչ պիտանի ուղեբեռի հետեւից, եւ չի բացառվում, որ մի բունտ էլ այս առիթով բարձրանա: