Ըստ datalex.am կայքի Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 16-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում գտնվող իր տանը եղբոր` Գ. Ա.-ի հետ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ դանակով երկու անգամ հարվածել է Գ. Ա.-ի կրծքավանդակի շրջանում և վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող:

Բացի այդ Տ.Ա-ն 2012 թվականի նոյեմբերի 18-ին ժամը 21-ի սահմաններում, Վանաձորի իր տանը, կրկին կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել եղբորը` Գ. Ա.-ին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Տ. Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ իր եղբայրը երկար տարիներ պատիժ է կրել է ՌԴ-ում, որից հետո` 20.04.2011թվականին նա վերադարձել է Հայաստան և ապրել իրենց հետ:

Համատեղ բնակվելու ժամանակ նա սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ և սպառնալիքներ տվել իր և իրենց ընտանիքի մյուս անդամների հասցեին, ցինիկ վերաբերմունք դրսևորելով իր և մոր նկատմամբ: Բազմաթիվ անգամ նա ծեծի ու կտտանքների է ենթարկել իրեն այն պատճառով, որ մերժել է իր հետ սեռական հարաբերության մեջ մտնելու նրա առաջարկը: Եղբայրը երբեք չի աշխատել և չի էլ ցանկացել աշխատել, սակայն ստիպել է իր համար օղի գնել և բավարարել իր հաճույքները: Նա իրենից պահանջել է կամ իր համար աղջիկ գտնել կամ անձամբ բավարարել իր սեռական ցանկությունները, ասելով, որ ՙ40 տարեկան ես ում համար ես մնացել՚: Եղբոր նման վարքագիծը իրեն հաճախ է դրդել գնալ ինքնասպանության, սակայն խղճալով իր մորը, նման քայլի չի գնացել: Նմանտիպ դեպքերի պատճառով ունեցել է առողջական խնդիրներ և բուժվել հիվանդանոցում:

Եղբոր վարքից բողոքել է ոստիկանություն, սակայն հայտնել են, որ դա ընտանեկան, կենցաղային վեճ է, կհարթվի կգնա: Վերջին անգամ նման ոտնձգության ժամանակ եղբայրը կամ պետք է սպաներ իրեն կամ բռբնաբարեր: Խայտառակությունից պաշտպանվելու համար դանակով հարվածել է նրան, սակայն սպանելու դիտավորություն չի ունեցել:Արարքը կատարել է իր և իրենց ընտանիքի պատիվը պահելու համար: Իր մոտ առկա է ձայնասկավառակ, որտեղ եղբայրը հայհոյում է իրեն, իրենց մյուս եղբորն ու մորը, սպառնում և անարգում իրենց հոր շիրիմը: Եթե ոստիկանությունը ժամանակին ընթացք տար իր բողոքին, քննիչի կողմից վերծանվեր նշված ձայնասկավառակը, գուցե հնարավոր լիներ խուսափել դժբախտ հետևանքից: Համաձայն քրոջ հիվանդության պատմության քաղավածքի նա 2008 թվականի մարտի 03-ից մինչև 2008 թվականի ապրիլի 03 բուժվել է ՙնեվրասթենիա՚ ախտորոշմամբ հիվանդությամբ:

Պաշտպան Ս. Մխիթարյանը դատարանին միջնորդել է գործով նշանակել դատահոգեբանական և դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, պատճառաբանելով, որ տուժող եղբայրը պարբերաբար թե քրոջը և թե ընտանիքի մյուս անդամների նկատմամբ դրսևորել է հակաբարոյական, վարքագիծ, ինչի ապացույցն է այն, որ քույրը նրա կողմից ենթարկվել է դաժան վերաբերմունքի և չի բացառվում, որ դրա հետևանքով նրա մոտ առաջ գար երկարատև հոգեճնշող իրավիճակ և նա իրեն մեղսագրվող արարքները կատարեր հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի, չի բացառվում անմեղսունակության կամ սահմանափակ մեղսունակության վիճակում:

Դատարանը լսելով կողմերին, հետազոտելով միջնորդությունը գտել է, որ պաշտպանի միջնորդությունը դատահոգեբուժական և դատահոգեբանական ամբուլատոր փորձաքննություն նշանակելու մասին հիմնավոր է: Դատական հերթական նիստը կկայանա հունվարի 15-ին:

http://lorinews.am/