28-ամյա Նարեկ Պեպանյանը, պատիժը կրելով «Կոշ» ՔԿՀ-ում, ընկերուհու անվամբ «Odnoklassniki.ru» սոցկայքում ստեղծել է «Նունե ջան» անձնական էջ եւ այնտեղ տեղադրել պոռնկագրական բնույթի լուսանկարներ եւ իրենց ինտիմ հեռախոսազրույցները: Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Նարեկ Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազատազրկման ձևով «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում «Նոկիա» բջջային հեռախոսի մեջտեղադրված տարբեր հեռախոսահամարներով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել Նունե Ղահրամանյանի հետ, այնուհետև «Odnoklassniki.ru» սոց. կայքում ստեղծել է «NUNE JAN» պայմանական անվամբ անձնական էջ , տեղադրել վերջինիս բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ և հիշյալ բջջային հեռախոսով պարբերաբար զանգահարել է նրան և միմյանց միջև ունեցած ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով 2013թ. սեպտեմբերին պահանջել է խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլար, սակայն նշված գումարը ուղարկելու փոխարեն Ն.Պեպանյանի ծանոթ՝ Դիանա Պետրոսյանի անվամբ փոխանցել է 400 ՀՀ դրամ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1-ին կետերով: Գործը դատարան է ստացվել հունվարի 15-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Աղբյուր՝ news.am