«Մեր թատրոնում նման երևույթ գոյություն չունի: Մեր թատրոնում միասեռականներ չեն կարող լինել: Հինգ-վեց տարի է այդ մարդը մեզ մոտ է աշխատում ու մշտապես պախարակում է թատրոնի կոլեկտիվին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովհաննես Չախմախչյանը` մեկնաբանելով նկարիչ բեմադրող Հովսեփ Մեսրոպյանի հայտարարությունը:
Թատրոնի նկարիչ բեմադրող Հովսեփ Մեսրոպյանն ազատվել է աշխատանքից: Տնօրենը ասաց, թե պատճառն այն է, որ կրճատվել է այդ հաստիքը: Մեսրոպյանը, սակայն, կարծում է, որ առիթն այլ է. իր գործընկերներից մեկը հայտարարել է, թե թատրոնում 10 տղամարդուց 7-ը միասեռական են, իսկ ինքն էլ (տնօրեն) չի ժխտել դա, այլ պաշտպանել է նման հայտարարություն տարածողին: Հ. Մեսրոպյանն աշխատանքից ազատվելը սեռական կողմնորոշման հետ է կապում:
«Ինչպես կարելի է մարդու հասցեին այդպիսի բաներ ասել: Ամբողջ կոլեկտիվը վրդովված է, պատրաստվում է դատի տալ, պատիվ պահանջել այդպիսի անհիմն հայտարարության համար: Շնորհալի, տաղանդավոր տղամարդիկ, կանայք կան մեր թատրոնում»,- ասաց թատրոնի տնօրենը:
Հ. Չախմախչյանի խոսքով, Հովսեփ Մեսրոպյանին առաջարկել են այլ աշխատանք թատրոնում, սակայն նա հրաժարվել է. «Նա ավարտել է առևտրի տեխնիկումը, և այլ աշխատանք նրա համար թատրոնում չկա»:
Թատրոնի տնօրենը վրդովված է, որ 80-ամյա թատրոնի մասին նման բաներ են տարածում, վարկաբեկում են, որտեղ աշխատում են վաստակավոր դերասաններ, որն ունի իր հանդիսատեսը. «Կարելի էր ստուգել, գուցե հոգեկան հիվանդ է այդ մարդը, որ 80-ամյա թատրոնի հասցեին նման բաներ է ասում:
«Թատրոնում ամեն ինչ նորմալ է, կայուն, ստեղծագործական հունով շարունակում են աշխատել»,- նշեց Հ. Չախմախչյանը:
Աղբյուր՝ www.panorama.am