Cosmo.am-ը գրում է.

Երեկոյան հարմարավետ տեղավորված բազկաթոռում` փորձում եմ պատախանել էլեկտրոնային հասցեով բժիշկ-սեքսոլոգին ուղղված հարցերի շարանին: Ամեն օր բացում եմ փոստարկղս և սովորաբար 5-10 հարց եմ տեսնում:

Ըստ` Cosmo սեքսոլոգ Նարինե Ներսիսյանի

Թռուցիկ անց եմ կացնում առաջին նախադասությունները.-Սիրելի՛ բժիշկ, արդյո՞ք կուսաթաղանթի…., -Ինչպե՞ս երկարաձգել ակտի…, -Ամուսնացած եմ ու մինչ օրս օրգազմ չեմ …., – Գրգռվածությունս չի հասնում օրգազմի…

Ի՞նչ են ուզում հարցադրող նամակագիրները: Ունենալ մի բան, որը սակայն այն չէ, ինչ հարկավոր է իրենց: Չգիտես ինչու, մարդիկ միշտ նայում են կողքիններին և ուզում ունենալ այն, ինչ տեսնում են արտաքնապես այդ ուրիշների մոտ: Մարդկանց մտքով երբևէ չի անցնում, արդյոք այն ինչ ուզում են իսկապես հարկավո՞ր է իրենց: 

Եվ այսպես ներկայացվող հիմնական պահանջն է` օգնել երկարեցնել ակտը ու հեշտացնել կնոջ օրգազմի ապրումը: Խոսքը վերաբերում է սեռական ակտի մեխանիկական կողմին, որ նույնն է, թե սեռական հարաբերությունը դիտարկվի իբրև մի գործ, որին մասնակցում են սեռական օրգանները: Իհարկե կարևոր է առնանդամի պրկման աստիճանը, կարևոր է հեշտոցի խոնավացումը: Իմ պրակտիկայի ընթացքում ես բազում անգամ վերականգնել եմ կանանց և տղամարդկանց սեքսուալ գրգռման և օրգազմի հետ կապված դժվարություններ, բայց հետաքրքիրն այն է, որ սեքսուալ թերապիայի ընթացքում այցելուն դինամիկ փոփոխման է ենթարկել իր խնդրի բովանդակությունը և ի վերջո հասնում այն հիմնախնդրին, որից էլ սկիզբ է առնում իր սեռական դժվարությունը: Առնանդամի պնդության աստիճանը, ակտի տևողությունը և կնոջը օրգազմի հասնելը դադարում են հետապնդվող գերարժեքային միտք լինելուց և հենց այդ ժամանակ էլ` բուժվում: Երբ այցելուն գիտակցում է, որ իր ուզածը բոլորովին այլ էր, քան ի սկզբանե ներկայացրած գանագատը:

Ինչ է սեքսուալ գրգռվածությունը

Արի հասկանանք ինչ է սեքսուալ գրգռվածությունը և ինչպես հասնել դրան: Սեքսուալ գրգռվածությունը ներքին սուբյեկտիվ վերապրում է, որը հարուցվում է սեքսուալ ազդակների շնորհիվ և սովորաբար ուղեկցվում մարմնական փոփոխություններով (հեշտոցի խոնավություն, արտաքին սեռական օրգանների ուռչեցում, առնանդամի պրկում): Երբ մարմինդ բավականաչափ սեքսուալ գրգիռներ է ընկալում, նա անպայման դրսևորում է պատասխան ռեակցիա: Հասնելով ավելի բարձր գրգռման մակարդակի` մոտենում ես օրգազմ ունենալուն: Սեռական օրգանների արձագանքը և օրգազմը սովորական ռեֆլեքսներ են, որոնք թողարկվում են բոլոր այն դեպքերում, երբ բավականաչափ գրգիռներ են ընկալվում:

Գաղտնիքը նրանում է, թե երբ է մարմինդ ի վիճակի ընկալելու այդ սեքսուալ գրգիռները: Մարդը բնության մեջ միակ արարածն է, որն ունի գլխուղեղի կեղև: Դա գլխուղեղի այն հատվածն է, որը պատասխանատուն է մեր ինքնագիտակցության համար, այն նշանակություն և իմաստ է հաղորդում մեր ապրումներին, և մեր սեռականության անքակտելի մասն է: Ուրեմն, բոլոր այն իմաստավորումները (իրավիճակի, զուգընկերոջ, ասված խոսքերի, նախորդող դեպքերի, շարժումների, սեռական վարքի և այլն), որ տալիս ես քո սեքսուալ հարաբերման ժամանակ, ազդում են քո սեքսուալ ունակության վրա, այսինքն փոխում են սեռական օրգաններիդ պատասխան արձագանքը:

Հիշիր, միայն զգայարանների խթանումը բավարար պայման չէ մարդու սեքսուալ գրգռման համար (հատկապես կանանց պարագայում): Սովորաբար մենք կենտրոնանում և շեշտը դնում ենք շոշափելիքի և ավելի նվազ չափով տեսողական, ձայնային, համի կամ հոտառության զգայարանների վրա: Բայց գրգռվելու համար շատ ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե բուն զգայությունը, այլ այդ զգայությունների հետ կապակցված զգացմունքային վերապրումները, մտային մշակումները: Ուստի բացի այն, որ հարկավոր է «ճիշտ» գրգռել զուգըկերոջդ/ուհուն, կարևոր է նաև ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է կատարվում ձեր երկուսի միջև այդ ընթացքում: