«Սեքսոպաթոլոգի ընդունարանում» միայն դու և սեքսոպաթոլոգն եք: Քեզ մնում է մեր էլեկտրոնային փոստի միջոցով առանց քաշվելու հարցերդ ուղղել Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանին:

Բարև, սիրելի բժիշկ:

Ես դեռևս 16 տարեկան եմ, բայց ընկերություն եմ անում ինձանից 10 տարի մեծ երիտասարդի հետ: Ես անփորձ եմ, իսկ նա շատ կրքոտ է և ակտիվ: Վախենում եմ կորցնել նրան, բայց նաև չեմ ուզում այս տարիքից սեռական կյանքով ապրել: Ի՞նչ անել: Ո՞ր տարիքից կարելի է սկսել ապրել սեռական կյանքով:

Արմենուհի, 16 տարեկանԵրևան

 


 

Խորհուրդ տալ, թե ե՞րբ է հարկավոր սկսել ապրել սեռական կյանքով, դժվար է. դա կախված է սեռական դաստիարակության առանձնահատկություններից, ընդհանուր զարգացումից, սեռական հասունության ձևավորումից, տվյալ հասարակության մեջ գործող ավանդույթներից և տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից, ինչպես նաև` շատ ու շատ այլ գործոններից:

Իսկ սեռական կյանքը մարդու կյանքի, վարքագծի, վերջապես օրգանիզմի կենսագործունեության բաղկացուցիչ մասն է միայն, և այն ի զորու է ազդել մարդու և´ ապրելակերպի, և´ սեռական վարքագծի վրա:

Ձեր դեպքում շտապելու կարիք չկա, կարելի է պահպանել սովորական, ընկերական հարաբերությունները, քանի որ Դուք գտնում եք սեռական զարգացման անցումային շրջանում և Ձեր աշխարհայացքը, մտածելակերպը ձևավորման փուլում են:

Սեռական կյանքի սկիզբը ընկալվում է որպես հասունության որոշակի սահմանագիծ: Շատ երկրներում տղամարդկանց համար այն սկսվում է 17-18 տարեկանում, կանանց համար` 19: Հայ իրականության համար այս թվերը նույնպես արդիական են:

Հարգելի ամսագիր, կարդացի ձեր նախորդ թողարկումներում այս խորագիրը և վճռեցի գրել մի բանի մասին, ինչն ինձ տարիներով տանջում է: Ես բավականին երիտասարդ եմ, ունեմ ամուսին, սակայն մեզ մոտ կան սեռական խնդիրներ.  առողջության պատճառով ամուսինս չի կարողանում հարաբերություն ունենալ, իսկ ես շատ կրքոտ խառնվածք ունեմ, ես չեմ ուզում, որ մենք բաժանվենք, բայց և չեմ ուզում երիտասարդ տարիքից մատնվել լուռ տառապանքների:

Անանուն, 25 տարեկանԿոտայքի մարզ

 

Հաճախ սեռական կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զրուցել իրենց ամուսնների հետ` վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Ինտիմ զրույցը հետաձգում են մի շաբաթով, ամսով, տարով… Եվ իզուր: Որովհետև այդ ընթացում  հոգու խորքում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները, իսկ այդ ամենը ձեր սիրո աշունը գարուն չի դարձնում: Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար հաճույք պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ` առանց ամաչելու ու շիկնելու:

Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Դրա փորձեք հանգիստ ու անկաշկանդ զրուցել Ձեր ամուսնու հետ` զգուշորեն խորհուրդ տալ հետևյալը. եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը ՙառողջ՚ պետության գրավականն է: Եղե´ք իրազեկված և առողջ:

Հարգելի մասնագետ, իհարկե, շատ ուրախ եմ, որ փորձում եք օգնել, սակայն լինելով ավագ սերնդի մարդ` մի փոքր չեմ ընդունում այս խորագիրը: Կարծում եք` այն կօգնի՞ մեր պատանիներին ու երիտասարդներին, թե՞ առավել ազատականության կդրդի ու կայլասերի: Եվ մի հարց էլ` դպրոցներում սեռական կրթություն անցնել-չանցնելու մասին. ի՞նչ կարծիքի եք, ես որ դեմ եմ:

Մանյա, 56 տարեկանԵրևան

 


 

Ցանկացած անձ սեռապես կրթված լինելու իրավունք և պահանջ ունի: Պետք է հստակ գիտակցել, որ սեռական դաստիարակությունը սեքսի մասին զրույց չէ: Այն մարդու ընդհանուր դաստիարակության մի մասն է, բայց թեմայի անհասանելի լինելու պատճառով տարբերվում է մեծ անորոշությամբ: Եթե դաստիարակության այլ ուղղությունները շատ թե քիչ արտահայտված են ու կարող են սեփական փորձով փոխանցվել, ինչպես նաև` ուղղվել խորհուրդներով ու կարգադրումներով, ապա սեռական դաստիարակությանը վերաբերող շատ հարցեր մնում են փակ, հատկապես` տերմինաբանությունը: ՙՓողոցի լեզուն՚, ցավոք,  հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը և կերտում անառողջ մտածելակերպ և համապատասխան սեռական վարքագիծ:

Ծնողները պետք է գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունն իրենց վրա է: Իսկ առողջ ու լիարժեք երեխային չի կարող չհետաքրքրել մարդկային կյանքի ամենաէական կողմերից մեկը: Նշանակում է, որ ծնողները պետք է իմանան` երբ և ինչ կերպ տեղեկացնեն իրենց երեխային` հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Հետո էլ ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար»  հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ`  գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ: Մեր օրերում այդ բացը հաճախ լրացնում է ամենակարող համացանցը` իր վտանգավոր, անհեղինակ, «սեքսաշունչ»  հոդվածներով, ցավոք, հասանելի պոռնոֆիլմերով, որոնք կարող են հետագայում լուրջ և անդառնալի հետևանքներ ունենալ: Այդ առումով, իհարկե, ավելի նախընտրելի է, որ սեռական առողջության և սեռական կյանքի հարցերը հոդվածների կամ հաղորդումների տեսքով ժամանակին քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում` թեմային տիրապետող և մասնագիտական ասելիք ունեցող: Սիրողական քննարկումները կարող են տհաճ և ճակատագրական հետևանքներ ունենալ: Սեռական առողջությունը դիլետանտություն չի հանդուրժում:

Եղեք առողջԼավագույն բարեմաղթանքներով`

սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
ESem.am