Վարդանյանների ընտանիքը ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ավելին՝ օրերս էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով անջատել են նրանց լույսը: Հոր՝ Վարդան Վարդանյանի խնդրանքին՝ մի անջատեք, որդիս հիվանդ է, չեն ընդառաջել: Հայրն անկեղծորեն խոստովանում է, որ թեև բժիշկն ասել է՝ Հովոյի սնունդը պետք է շատ լավ լինի, բայց ընտանիքը չի կարողանում հասցնել: Տան միակ աշխատուժը հայրն է, այն էլ այս ամիսներին աշխատանք չի ունենում: Աշխատում է քարի հանքում:
Վարդանյանների ընտանիքը բնակվում է Արարատ քաղաքի Շահումյան 2 հանրակացարանում: Տուն չունեն, հանրակացարանի սեփականատեր Նորիկ Խաչատրյանն է տվել կացարան, ինչի համար ընտանիքը շնորհակալ է:
Հիշեցնենք, որ Ասկերանի զորամասում Հովհաննես Վարդանյանը ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում: Ծառայության 14-րդ ամսին հայրը 12 օր ուշացումով զանգ է ստացել զինծառայողից, որ Հովոն հոգեբուժարանում է: Հայրը որդուն հիվանդանոցում գտել է անճանաչելի վիճակում:
Հետո Հովհաննեսը հորը պատմել էր իրականում ինչ է տեղի ունեցել: Սպան պահանջել է, որ Հովոն իրեն մասաժ անի, նա էլ ասել է՝ չեմ անի… այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ, իսկ տղայի վրա բռնության բազմաթիվ հետքեր են եղել:
«Առաջին լրատվական»-ն այցելեց Վարդանյաններին: Հովհաննեսը պատմեց, որ օրը երկու տուփ ծխախոտ է ծխում և տասը բաժակ սուրճ խմում մինչև ժամը 13:00-ը, իսկ 13:00-ից հետո սկսում է թեյ խմել: «Ուզում եմ ժամանակ շահել»,- մեզ հետ զրույցում ասաց Հովոն, ապա հավելեց. «Կարծես արգելափակված լինեմ»: Նա նշեց, որ բժիշկը (նյարդաբան Հենրի Բակունցը) խոստացել է իրեն բուժել: «Փոփոխություն կա, զգում եմ, բայց արդյունքը վերջում կերևա, դեղորայքը սկզբում ավելի բարձր էր, հիմա քիչ-քիչ քչանում է»,-ասաց Հովհաննեսը:
Նա պատմեց, որ կյանքում ամեն ինչի նկատմամբ կորցրել է հետաքրքրությունը, համացանցն էլ իրեն չի գրավում, երեք օրը մեկ տասը րոպեով կարող է նստել համակարգչի առաջ, բայց անկեղծորեն խոստովանեց, որ իրեն հետաքրքիր չէ. «Դուրս չեմ գալիս տնից, ի վիճակի չեմ: Ընկերներս են գալիս, լինում է, որ զանգում եմ՝ խոսում ենք: Որ դզվեմ, ամեն ինչ լավ կլինի: Ահագին թույլ եմ, ես ամբողջ օրը տանն եմ, չեմ նեղվում դրանից»:
Ընտանիքի համար առանձնահատուկ դժվարություն է ամսվա մեջ երկու անգամ Հովհաննեսին Արարատից Ավան բժշկի տանել-բերելը: Ամսական նվազագույնը 35.000-40.000 հազար դրամ է պետք դրա համար:
«Մեկ տարվա բուժումները արդյունք տվել են, ես այնպես եմ արել, որ այս վիճակով ուշ-ուշ տանեմ: Մի քանի օր ուշացրի այս անգամ տանելը, գումար չկար, սպասեցի մինչև Հովոն թոշակ ստանա, որ կարողանամ տանել: 33.000 էր Հովոյի թոշակը, դարձրին 35.000, բայց դա անգամ իր ծխախոտին չի հերիքում», -ասաց հայրը՝ Վարդան Վարդանյանը:
Մեկ տարվա բուժումն իր արդյունքը տվել է, բայց բժիշկն ասում է, որ Հովհաննեսի սնունդը տեղը պետք է լինի: «Դե հիմա արի ասա որ… Հիմա քանի ամիս է չեմ աշխատում, նախ՝ չեմ էլ կարող: Մեկ անգամ էլ երակներն է Հովոն կտրել: Պահի տակ վերցրեց հեռախոսը, խփեց պատին՝ ջարդեց, իրեն նվեր էին տվել»,- պատմեց հայրը:
Մի քանի օր է՝ Վարդանյանների ընտանիքը զրկված է էլեկտրականությունից: «Առանց հոսանքի նստած ենք, անջատեցին, իսկ գազ չունի շենքը, մի կերպ անցկացրինք ցուրտ օրերը, վախենալով վառում էինք, տաքանում: Մեզ խանութի աշխատողներն են պահում, պարտքով վերցնում ենք, կամաց-կամաց փակում»- ավելացրեց հայրը:
Մինչև բանակ գնալը՝ դեռ իններորդ դասարանից Հովոն օգնել է հորը, աշխատել է ցեմենտի մասնավոր գործարանում: Հայրը պատմեց, որ օրական 50-60 տոննա ցեմենտ էին բարձում, հիմա իսկական ժամանակն էր, որ որդին պիտի օգներ իրեն. «Գնաց բանակ, տեսա՝ ոնց տվեցին ինձ որդուս»:
Հայրն էլ նշեց, որ որդին կյանքի նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունի, միայն քայլում է հանրակացարանի երկրորդ հարկի միջանցքով: Եղել է ժամանակ, երբ փախել-գնացել է. «էն վիճակը, որ ես եմ տեսել… Ես գոհ եմ բժշկից»:
Ի դեպ, բժիշկն ասել է, որ հնարավոր է վախից առաջացած լինի հիվանդությունը:
Ընտանիքն ունի կուտակած պարտքեր թե՛ խանութներին, թե՛ էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց, 150 հազար դրամ էլեկտրաէներգիայի և 160 հազար էլ խանութներին: «Եկան լույսը անջատելու, ասացի՝ մի արեք էդ բանը, հիվանդ տղա ունեմ տանը, ասացին՝ չէ անջատելու ենք ու վերջ»,- ասաց հայրը:
«Գոնե մի բնակարան տային Հովիկին, ոչ մեկս հավերժ չենք, գոնե երկուսով կաշխատեինք՝ մի անկյուն կստեղծեինք, հիմա որևէ շանս չկա: Շնորհակալ եմ հանրակացարանի սեփականատիրոջից, որ այսքան օգնում է»,- ասաց Վարդան Վարդանյանը: Իսկ տան առաստաղից շարունակ անձրևներից ջուրը կաթկթում էր, խոնավության հոտը տարածում շուրջբոլորը:
Ի դեպ, Հովիկի հետ կատարված դեպքից հետո էլ մյուս զինծառայողների ծնողները զանգել են, ասել, որ շատ գոհ են, այդ «չաստում» ամեն ինչ կարգավորվում է: Հայրը պատմեց, որ մի անգամ էլ Հովոն հիշել է. «Հրամանատարը մի օր եկել-ասել է՝ էսօր կնգաս խոստացել եմ զինվոր չտփեմ»:
Այս ընթացքում սպայական հրամանատարական կազմից որևէ մեկը չի եկել, չի հետաքրքրվել զինվորի ճակատագրով, թե օրինակ՝ որտեղ է ապրում: «Մենակ լավ սիրուն խոսքեր էին տալիս, ուրիշ ոչ մի բան: Որևէ մեկն այսքան ժամանակ դուռը չբացեց: Առաջիկայում նախարարի մոտ եմ գնալու: Հերթագրվեմ, տեսնեմ հարցը ոնց է լինելու: Իմ տղան որ լավ լիներ, հիմա կաշխատեր, իր ընկերները ո՞նց են աշխատում»,- ասաց հայրը՝ հավելելով, որ տղայի բուժումը պետք է Գերմանիայում կազմակերպվի: Հիվանդությունը թաքնվում է, բայց ամեն պահի պատրաստ է գլուխ բարձրացնել: Բժիշկը թեև փոփոխություն զգում է, բայց ասում է՝ բուժումը երկար կտևի:
Նշենք, որ առ այսօր որևէ մեկը կատարվածի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Քրեական գործ է հարուցվել էր ՀՀ Քր.օր.-ի 375 հոդվածի հատկանիշներով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), սակայն Վարդան Վարդանյանն ասել է, որ ոչ մի պահանջ չունի՝ պայմանով, որ հոգան որդու բժշկական բոլոր ծախսերը, բուժեն նրան, ընդհուպ՝ դրսում բուժումը կազմակերպեն, բայց մինչ օրս չկա տեղաշարժ…
1in.am