Փետրվարի 1-ի դրությամբ այնտեղից հեռացել են նաև հագուստի բաժնի առևտրականները: «Հայկական Ժամանակ»-ը սույն թվականի հունվարի 22-ին հաղորդել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին վաճառված շուկայից հունվարի 1-ից վտարվել են գյուղմթերքի առևտրով զբաղվողները (նրանց հենց այդ ամսաթվով էր տեղափոխվելու վերջնաժամկետ ներկայացվել), իսկ ահա հագուստի առևտրով զբաղվողներին լրացուցիչ մեկ ամիս ժամանակ էր տրվել:

Առևտրականներից մեկը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր 20-22 գործընկերներից 2-ը կարողացել են տեղավորվել հարևանությամբ գործող խանութներում, 10-11 ձեռնարկատեր ակնկալում են, որ իրենց վարձակալությամբ տարածք կտրամադրեն նախկին «Էրեբունի» կինոթատրոնի շենքում, իսկ ահա մյուս մոտ 10 առևտրականներն էլ տանը նստած են՝ առանց որևէ պատկերացում ունենալու իրենց հետագա անելիքների վերաբերյալ:

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկայի տեղում առևտրի կենտրոն կառուցել: Չնայած՝ շուկայի տնօրեն Հովսեփ Սմբատյանը թերթի հետ զրույցում հերքել էր վաճառման մասին լուրերը «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները հաստատել են, որ շուկան այլևս պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Ավելին, տարածքից դուրս են հանվելու Էրեբունի փողոցում տեղակայված մի քանի խանութ-կրպակներ ևս: Դրանց վարձակալողներին ժամանակ է տրված մինչև ապրիլի վերջը:


Աղբյուր՝ www.panorama.am