Վաճառողները տոնական օրերից հետո վերադարձել են աշխատանքի ու հայտնաբերել, որ իրենց նախկին աշխատատեղերն այլևս չկան: Այս մասին Hayeli.am-ի թղթակիցը տեղեկացել է Նոր Նորքի շուկա կատարած այցի ժամանակ՝ տեղի առևտրականներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Hayeli.am-ը տեղեկացրել էր, որ Ալեքսանյանը ձեռք է բերել Նոր Նորքի շուկան և դեռ ամառվանից շուկայի հետնամասում սկսել է նոր բազմահարկ հիպերմարկետի կառուցումը: Հին շուկան քանդելուց հետո տեղի բոլոր առևտրականներին տեղափոխել են այդ կիսակառույց հիպերմարկետի առաջին հարկի ծածկի տակ, որի մի կողմը դեռ ամբողջությամբ բաց է՝ պատերը կառուցված չեն, ու զուգահեռ շարունակվում է նաև շինարարությունը: Նախ շուկայի տարածքում անտանելի ցուրտ է, զգացվում է դեռ չչորացած բետոնի խոնավ հոտը, ողջ տարածքով սոսկալի միջանցիկ քամի է: «Դեկտեմբերի վերջից ասում էին, որ քանդելու են, բայց մենք մտածում էինք, գոնե կսպասեն օրերը տաքանան, նոր կքանդեն: Մեզ բանի տեղ դնողն ո՞վ է, մեզ համար գլուխներս կախ աշխատում էինք, եկավ գիշատիչի նման տեղահան արեց, բերեց լցրեց էս ցուրտ տեղը, մի ամսվա մեջ արդեն 10-15 հոգի թոքաբորբով են հիվանդացել, կեսը հիվանդանացում են պառկած, կեսն էլ տանը: Ո՞վ է տեսել շինարարության մեջ մարդիկ սննդամթերք վաճառեն. այսպիսի բան աշխարհի ոչ մի երկրում չկա, միայն Հայաստանում կա: Քամին, որ փչում է, շինարարական կեղտն ու փոշին լցնում է մեր ապրանքի մեջ, մսի վրա, չրերի ու թթվի վրա մի մետր փոշի է դնում, վրան փակում ենք, բայց ինչքան էլ փակես, մեկ է, չի օգնում: Մենք ո՞վ ենք, ի՞նչ ենք մեզանից ներկայացնում, որ Սամվել Ալեքսանյանի դեմ դուրս գանք: Հենց բողոքենք կամ ձայն բարձրացնենք, կասեն՝ փասափուսաներդ հավաքեք, գնացեք ձեր տանը նստեք: Չտեսա՞ք Փակ շուկայում ինչ արեց, նրա թիկունքին Սերժ Սարգսյանն է կանգնած, ինչ ուզի՝ կանի»,- մեզ հետ զրույցում նշեց շուկայի հին վաճառողներից մեկը:
Վաճառողների խոսքով՝ չնայած իրենք առևտուր են անում շինարարության և կեղտի մեջ, բայց իրենցից Ալեքսանյանի նշանակած տնօրենը օրը 1000 դրամ գումար է հավաքում. «Բայց ասում են՝ դա քիչ է, թանկացնելու են: Նախկինում, երբ շուկան քանդված չէր, մենք նորմալ աշխատանքի պայման ունեինք՝ տաք էր, ջուր կար, նորմալ սեղաններ կային դրված, մաքուր էր: Օրը 1200 դրամ էինք տալիս ՝1000 դրամ շուկայի տիրոջը, 200 դրամ պահակային ծառայության համար: Հիմա իբր թե 200 դրամ պահակների փողը հանել են, էն էլ ասում են՝ նորից պիտի բարձրացնեն: Իսկ որ էդ հիպերմարկետը կառուցեց, ավարտեց՝ ընդհանրապես աստղաբաշխական գին կդնի: Հին շուկան նոր, թարմ շենք էր, ընդամնեը 80-ական թվականներին կառուցված շենք էր, ի՞նչ էր եղել այդ շենքին, որ քանդեցին: Հիպերմարկետ էր ուզում կառուցել, թող գնար 9-րդ մասիվի չոլերում կառուցեր, ինչի՞ եկավ մեր հացին «վայիս» եղավ: Բա սա երկի՞ր է. հասարակ ժողովուրդը իրավունք չունի՞ ապրի, անպայման պիտի բոլորս Լֆիկի ու Սաշիկի ստրու՞կը դառնանք»,- դժգոհեց մեկ այլ առևտրական:
Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն փորձում իրենց իրավունքները պաշտպանել և բողոքել,Նորք Նորքի վաճառողներն այսպես արձագանեցին. «Բողոքողներին ընդհանրապես տեղ չի տալիս: Մեզ հետ որ հանդիպման էր եկել, անձամբ ինքը՝ Սամվել Ալեքսանյանն, ասաց, որ հանկարծ չփորձենք բողոքել, որովհետև միևնույնն է, ոչ մի բանի չենք հասնի: Փակ շուկայի համար բողոքողները ի՞նչ կարողացան անել, որ մենք ինչ անենք: Մարդն ասում է՝ շուկան իմ սեփականությունն է, ես եմ տերը, ում ձեռք չի տալիս, թող թողնի գնա: Վերջ: Իրեն էլ հենց էդ ա պետք»:
Վաճառողների պատմելով՝ Ալեքսանյանը իրենց ներկայությամբ հայտարարել է նաև, որ Նոր Նորքի շուկայում ոչ մի գյուղացի իր ապրանքը չի վաճառելու: «Եթե ուզում են վաճառել, կգան տեղ կվերցնեն, տարածքի փողը ամբողջ ամսվա համար կտան, կվաճառեն: Երբ քեֆներն ուզի գան, երբ չուզի չգան. տենց բան էլ չի լինելու»,- ըստ վաճառողների՝ այդպես է ասել Ալեքսանյանը: Նշենք, որ հատկապես ամռանը Նոր Նորքի շուկայի մի հատվածում գյուղատնտեսական մեծածախ շուկա է գործում, որտեղ հիմնականում գյուղացին մշտական վաճառողների կողքին իր ապրանքն է վաճառում: Սակայն գյուղացիները քանի որ մշտական կանգնողներ չեն, ամբողջ ամսվա համար տեղի փող չեն տալիս:
Շուկայի առևտրականները նաև նշում են, որ հունվարին սոսկալի նվազել է առևտուրը, իրենց գործի վրա բացասական է անդրադառնում նաև այն, որ Սամվել Ալեքսանյանը նախորդ տարվա դեկտեմբերին նախկին «Սթար» սուպերմարկետի տեղում շուկային կից բացել է նաև «Երևան Սիթի» սուպերմարկետը. «Հիմա էլ մեզ բերել քցել է կեղտի ու փոշու մեջ, էլ ո՞վ մեզանից առևտուր կանի: Ինքն ամեն ինչ հաշվարկել է. հատուկ է անում, որ մենակ իր ապրանքը վաճառվի: Մեզ էլ կտանի 60 հազար դրամով հավաքարար կամ լավագույն դեպքում վաճառող կաշխատենք իր հիպերմարկետում: Մենք ո՞վ ենք, որ օրը 3000 դրամից ավել փող աշխատենք: Ամոթ չի՞: Բա իրենք ի՞նչ ուտեն»,- ասաց մեկ այլ վաճառական:
Նշենք նաև, որ Նոր Նորք վարչական շրջանում «Երևան սիթի» սուպերմարկետի բացումից հետո հարևանությամբ գործող բազմաթիվ փոքր խանութներն ու առևտի կետերը փակվել են:
Ավելի վաղ Hayeli.am-ին հայտնի էր դարձել նաև, որ Սամվել Ալեքսանյանը ցանկանում է կարի արտադրամաս հիմնել ու մտնել այս բիզնեսի մեջ ևս: Իսկ որտեղ նա մտնում և գործունեություն է ծավալում, կարճ ժամանակ անց դառնում է մենատեր՝ սնանկացնելով մանր և միջին բիզնեսով զբաղվողներին:
Դավիթ Մանուկյան
http://hayeli.am/article/431342/