Մեզանում միտում կա ավելի վաղ՝ 16-17 տարեկանից սեռական կյանքով ապրելու, ինչը բացասական հետևանքներ ունի: Ցանկալի է, որ դա տեղափոխվի 20-21 տարեկան հասակ, քանի որ, ըստ հետազոտությունների, հենց այս տարիքն է համարվում հասուն՝ սեռական կյանք սկսելու համար:
Լրագրողների հետ հանդիպանը, անդրադառնալով դեռահասության շրջանում առաջացած խնդիրներին, ասաց Սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սևադա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ դեռահասի մոտ դեռևս չկան որոշակի գիտելիքներ, մարմնասեռական զարգացման վիճակ, բացի դրանից՝ հենց առաջին սեռական փորձը կարևորագույն նշանակություն ունի անհատի հետագա զարգացման ու ընտանիք կազմելու համար: Դեռահասության շրջանը որոշակի ռիսկային գործոններ պարունակող տարիքային խումբ է, որտեղ դրվում են հոգեսեռային զարգացման փուլի սաղմերը:
Նրա խոսքով՝ հենց այս շրջանում է, որ, որոշակի թյուր տեղեկատվության ազդեցության տակ, կարող են առաջանալ ոչ ճիշտ զարգացման միտումներ այդ տարիքային խմբում, որոնք հետագայում կարող են այս կամ այն սեռական խանգարման պատճառ դառնալ, որոշակի պաթոլոգիկ անդրադարձ ունենալ նրա սեռական կյանքի վրա:
Բժշկի խոսքով՝ շատ են դեպքերը, երբ առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունենում այդ տարիքային խմբում, ինչը կարող է անդարձելի հետևանքներ ունենալ: Բանախոսի խոսքով՝ պատահական չէ, որ նաև դեռահասների շրջանում սեռավարակների թիվը մեծ է, քանի որ չունեն «փսիխոհիգիենայի մասին գիտելիքներ»:
Բժիշկը կարևորեց միջավայրի ազդեցությունը թե՛ ընտանիքում սեռերի ճիշտ բաշխվախության առումով, թե՛ այն միջավայրի, որտեղ մեծանում է դեռահասը, քանի որ որոշակի շեղումներ կարող են սաղմնադրվել հենց այս տարիքում:
Դեռահասների ճիշտ դաստիարակության հարցում մասնագետը չափազանց կարևորեց ծնողների ու մանկավարժների դերը, որոնք պետք է կարողանան դեռահասին ուղղորդել ճիշտ մասնագիտական ճշգրտված գրականություն ընթերցելուն:
Ինչ վերաբերում է հարցեին, թե ծնողները որ տարիքից պետք է սկսեն զբաղվել իրենց երեխաների սեռական դաստիարակաությամբ, մասնագետը խորհուրդ տվեց տվյալ հասարակության բարոյական արժանիքներին համապատասխան կերպով փուլային եղանակով պատասխանել երեխայի հարցերին:
Մասնագետը խորհուրդ տվեց ծնողներին՝ չշրջանցել երեխայի հարցերը, քանի որ վերջինս կսկսի դրանց պատասխանները որոնել մութ անկյուններում: