Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Օհանյանը:
«Թաղապետի աշխատանքը գնահատում է ժողովուրդը, բայց իմ սուբյեկտիվ կարծիքն եք հարցնո՞ւմ. ասեմ՝ շատ լավ եմ գնահատում»,- ասաց փոխքաղաքապետը:
Հարցին, թե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ է փոխվել Արտակ Ալեքսանյանի գալուց հետո, Դավիթ Օհանյանը պատասխանեց. «Տարին դեռ նոր է սկսվել, աշխատանքային ծրագրերն էս տարվա ընթացքում լինեն, ինքներդ էլ կտեսնեք, թե ինչ է փոխվել: Ես միայն կուրախանամ, եթե էնտեղ մեծ փոփոխություններ լինեն»:
Մինչեւ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը՝ Դավիթ Օհանյանը Արտակ Ալեքսանյանին հորդորել է լավ աշխատել. «Մարդ եթե անցնում ա աշխատանքի, պահակի կարգավիճակում չպիտի լինի: Ես իրեն էլ հորդորել եմ, որ եղածը պահելու չգնա, այլ ավելի զարգացնելու եւ գեղեցկացնելու»:
Դավիթ Օհանյանը խորհուրդ է տալիս սպասել որոշ ժամանակ եւ այնուհետեւ հարցում անել բնակիչներից՝ արդյոք գոհ են ներկայիս ղեկավարից, թե ոչ:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին «Ժամանակ» թերթը գրել էր. «Ժամանակը» երեկ փորձեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանից հետաքրքրվել՝ արդեն իսկ գլուխ հանո՞ւմ է թաղապետի պաշտոնից, այս ընթացքում համայնքային ինչ խնդիրներ է լուծել եւ ինչեր է դեռ պատրաստվում անել համայնքի համար, սակայն նորաթուխ թաղապետի փոխարեն հեռախոսին պատասխանեց կրկին նորաթուխ երիտասարդի ձայնով մեկը եւ ասաց, որ Արտակ Ալեքսանյանն ընդհանրապես հեռախոսազանգերի չի պատասխանում։ Հարցրեցինք՝ որն է թաղապետի այդ տարօրինակ սովորության պատճառը, երիտասարդն արձագանքեց. «Ինքը շատ զբաղված է, գործերը շատ-շատ են, դրա համար էլ չի հասցնում անգամ զանգերի պատասխանել»։
Աղբյուր՝ news.am