ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Մելիք Սարգսյանի նախագահությամբ փետրվարի 7-ին մերժեց «Փակ շուկայի» գործով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկող՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը։

«Սպասելի էր նման որոշումը, որովհետեւ դատավորը ակնհայտորեն հիմք տվեց դատախազին եւ հուշման կարգով ասաց, որ կարող են ներկայացնել քաղաքապետի կողմից կայացված վարչական տույժերի մասին համապատասխան որոշումներ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ դատարանը փորձում է իր մերժման հիմքում դնել հենց այդ վարչական ակտերը»,-ասաց Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը՝ հիշեցնելով, որ այդ վարչական ակտերը կայացվել են այս քրեական գործից դուրս, երբ ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հաղորդում էր տվել ոստիկանություն:

Քրեական գործ հարուցելու, կառուցապատողին ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատասխանատվության կանչելու համար Զարուհի Փոստանջյանը ոստիկանություն էր դիմել դեռ 2013թ. հունիսի 25-ին, սակայն քրեական գործ չէր հարուցվել։ Ոստիկանության որոշումը բողոքարկել էին առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը դեկտեմբերի 6-ին մերժել էր բողոքը:

Փաստաբանը դատարանում ցույց տվեց փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ շինարարության թույլտվությունը համապատասխան ընթացակարգով չի իրականացվել:

«Կառուցապատողը պետք է նախագիծ ներկայացներ, այնուհետև շինարարության թույտվություն, որը համապատասխանում է դրան, բայց դրանք չկային, ընդամենը ձեւաթղթեր են ներկայացրել եւ շինարարության արդյունքում «Փակ շուկա» պատմամշակութային կոթողին վնաս է հասցվել»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի բողոքը դատարանը լսեց առանց նրա ներկայության, որովհետեւ պատգամավորը ուսման նպատակով մեկնել է ԱՄՆ։


Աղբյուր՝ news.am