Հայաստանի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, որ Խ. Մարտիրոսյանը փորձել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: Իսկ մեր ունեցած տվյալներով և բացառիկ այս նյութով ապացուցվում է, որ Խ. Մարտիրոսյանը արդեն իսկ համագործակցել է և մի քանի նյութեր տրամադրել Ադրբեջանին:

Ահավասիկ: ԱԱԾ-ն լռում է, բայց մենք կարող ենք գրել այս մասին, քանի որ ադրբեջանական կայքն արդեն տեղադրել է լուրը: Պարզվում է, որ նախկին ոստիկան Խաչիկ Մարտիրոսյանը ադրբեջանցիներից հանձնարարություն է ստացել հետևել և տեղեկություններ հաղորդել ՀՀ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի մասին: Խոսքը Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է: Այս տեղեկատվության համար, ըստ շրջանառվող լուրերի Մարտիրոսյանն ստացել է 700 ամերիկյան դոլար: Իսկ ինչ է հաղորդել նա մեր հետախուզության պետ գեներալի մասին:

Սա բավականին զավեշտալի պատմություն է:

Գրված է, որ գեներալ-մայորը իր սիրուհու հետ(նշված է աղջկա անուն-ազգանունը, հասցեն և հեռախոսի համարը, բայց մենք հասկանալի պատճառով չենք հրապարակում) օրերս հարբած վիճակում վրաերթի է ենթարկվել: Կայքում զետեղված է գեներալի սպիտակ «Ինֆինիթին», պարզ երևում է համարները (բայց մենք չենք նշի): Հաղորդվում է նաև, որ ՊՆ հետախուզական վարչության պետը «կեղտոտ փողերով» շքեղ ամառանոց է գնել Աբովյանի շրջանում, կոնկրետ՝ «Ջրվեժի այգում», բայց տունը գրանցված է հարազատներից մեկի անունով և այլն: Այնուհետև ադրբեջանցիները պարծենում են, թե մեր գեներալի սառնարանում այս պահին ինչ կա, նույնիսկ ճաշակել են նրա երշիկից և այլն:

Բայց խնդիրն այլ է: Ինչո՞ւ գրեցինք այս մասին: Այս նյութից պարզ է դարձել, թե մեր ԱԱԾ-ն ինչպես է բացահայտել Խաչիկ Մարտիրոսյանի դավաճանությունը:

Ուրեմն: Ադրբեջանական կայքի այս նյութը մեր ԱԱծ-ում լուրջ «քննություն» է անցնում: Պետանվտանգության աշխատակիցները ԱԱԾ են հրավիրում մեր բանակի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին և բացատրություն պահանջում: Ի՞նչ է պարզվում: Կայքի լուսանկարներում պատկերված ավտոմոքենան բոլորովին ուրիշ մարդու է: Գեներալը բացարձակ անտեղյակ էր և՛ այդ մեքենայի գոյությունից, և՛ այսպես ասած սիրուհուց, որը հիշյալ մեքենայի տիրոջ ընկերուհին է:

ԱԱԾ-ի աշխատակիցները անմիջապես հայտնաբերում են մեքենայի տիրոջը: Ամեն ինչ պարզվում է: Հետախուզության պետը ոչ մի կապ չունի ոչ մեքենայի, ոչ էլ հիշյալ աղջկա հետ: Իսկ ահա տերը և ընկերուհին, պարզվում է «չուժոյ պախմել» բացահայտվում են: Բայց նրանք լրտեսության հետ ոչ մի կապ չունեն : Ո՞վ է հետևել և նկարահանել նրանց: Մեքենայի տերը անմիջապես հայտնում է, որ իրեն և իր մեքենան մի քանի անգամ լուսանկարել է իր հարևանը՝ նախկին ոստիկան 60-ամյա Խաչիկ Մարտիրոսյանը:

ԱԱԾ-ն հետևում է վերջինիս և բացահայտում, որ Խաչիկն աշխատում էր ադրբեջանցիների համար:

Այսպես բացահայտում են այն ամենը, ինչ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է:

Բայց ի՞նչն է զավեշտալին: Իրականում Խաչիկ Մարտիրոսյանը հանձնարարություն էր ստացել հետևել և գաղտնի լուրեր փոխանցել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին, սակայն չկարողանալով «մոտենալ» նրան, Խաչիկը խաբել էր ադրբեջանցիներին ու Կարապետյանի փոխարեն հաղորդել էր իր հարևանի տվյալները…

Այսպիսի բաներ…

Nyut.am-ի կողմից. Չնայած համոզված ենք, որ մեր ԱԱԾ-ն ունի վերը նշված ադրբեջանական կայքի նյութը, բայց պատրաստ ենք, անհրաժեշտության դեպքում, ԱԱԾ-ին ներկայացնել մեր ձեռքի տակ եղած լուրը:
Նյութի աղբյուր՝ http://nyut.am/archives/128685