Հայաստանում ամուսնալուծությունների ամենամեծ թիվը վերջին տարիներին գրանցվել է ոչ թե երիտասարդ ընտանիքների մոտ, այլ 20 և ավելի տարի ամուսնացած զույգերի շրջանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:
«Կարծում եմ՝ այս երևույթը կարելի է բացատրել նրանով, որ հայաստանյան հասարակությունում տարածված երևույթներից է ամուսնանալը` երեխաներ ունենալու նպատակով. երեխա չունենալու և սեփական ծնողներին թոռներ չպարգևելու, սերունդը չշարունակելու վախն է, որ հաճախ հանդես է գալիս որպես հիմնական փաստարկ` ամուսնության համար զուգընկերուհի կամ զուգընկեր փնտրելու համար»,-ասաց Արթուր Աթանեսյանը։
Սոցիոլոգի կարծիքով` այդպիսի զույգերն ամուսնալուծվում են 20 տարի հետո, երբ երեխաներն արդեն չափահաս են դառնում, եւ սերնդի շարունակման խնդիրը համարվում է լուծված։ Նրանց մեջ մեծ թիվ են կազմում նաեւ արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ, ովքեր արտերկրում այլ կնոջ հանդիպելով` ազատվում են Հայաստանում ապրող սեփական կնոջից եւ ամուսնանում երկրորդ անգամ:
«Այս երևույթը, իհարկե, խոսում է հայ տղամարդկանց մոտ այսպես կոչված «չտեսության» մասին: Հայտնվելով այլ երկրում՝ նրանցից ոմանք պարզապես գլուխն են կորցնում։ Մյուս կողմից, այս երևույթը պետք է հայ կանանց հիշեցնի այն մասին, որ ժամանակակից աշխարհում պետք է մշտապես մրցունակ լինել»,- ասաց սոցիոլոգը:
Վերջին տարիներին, սոցիոլոգի խոսքով, հայաստանյան հասարակությունում շատացել են միջազգային ամուսնությունները. «Նման կերպով ամուսնացողները հիմնականում լավ կրթություն ստացած հայ աղջիկներ են, որոնք արտասահմանում հանդիպելով բարեկիրթ և ապահով տղամարդկանց, նրանց հետ էլ կապում են իրենց ապագան: Նման ամուսնություններ ապահովում են այդ մարդկանց ծրագրերը` Հայաստանից դուրս իրենց կյանքը կայունացնելու, քաղաքացիություն ստանալու, իրավական երաշխիքներ ձեռք բերելու համար»,-ասաց Արթուր Աթանեսյանը:
Սոցիոլոգի խոսքով` ամուսնանալու ցանկությունը, ամուսնությունների քանակի աճը կարող են խթանվել հասարակության մեջ արժեքների քարոզմամբ, տեղեկատվական քաղաքականությամբ, նորաձևությամբ. ամուսնանալը կարող է մատուցվել որպես ժամանակակից միտում, մոդայիկ միտում, ճիշտ ընտրություն, երջանկության գրավական:
«Փաստն այն է, որ մեզանում քարոզվում են հակառակ արժեքներ` անկայունության, անվերջ հաճույքների և զվարճությունների, մարդկանց չվստահելու, և այլն: Նման կեղծ արժեքները հակասության մեջ են մտնում ամուսնության, ընտանիքի և նրանցով պայմանավորված կենսակերպի հետ»,-ասաց Արթուր Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով՝ 2013թ. Հայաստանում ամուսնալուծություններն ավելացել են 15,6 տոկոսով. գրանցվել է 3756 ամուսնալուծություն՝ 2012թ. գրանցված 3250-ի դիմաց:
Աղբյուր՝ news.am