ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանի խիստ քննադատությունները՝ կառավարության գործունեությանը եւ փողոց դուրս գալու սպառնալիքը պարզվում է այնքան էլ չի վախեցրել իշխանություններին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ նման «սպառնալիքներ» իրենք վաղուց են լսում, բայց չեն վախենում:
Իշխող մեծամասնության ներկայացուցչի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Ավետիսյան հաշվի առնելով Ծառուկյանի օբյեկտիվ քնահատականներն իրավիճակին, դրան զուգահեռ երկրում ահագնացող բողոքի ալիքը եւ Ծառուկյանի փողոց դուրս գալու կոչը, իշխանությունները մտահոգություն չունե՞ն:

-Ես կարծում եմ՝ սխալ է եւ այնպես չի, որ իշխանությունները պիտի նման կոչերից վախենան եւ փոխզիջումների գնան, առանց այն էլ իշխանությունները ժամանակին շատ են փոխզիջումների գնացել եւ հենց դրա հետեւանքն է, որ այսօր փորձում են նորից նման ելույթներով, կոչերով իշխանության հետ խոսել:Իշխանությունը բնական է՝ նման խոսակցությունից երբեք չի փորձի փոխզիջումների գնալ, իշխանությունը պատրաստ է փոխզիջումների գնալ, երբ ոչ փողոցային պայքարում, այլ կոնկրետ կլինեն առաջարկներ, կառուցողական քննարկումներ, այդ ժամանակ միջուցե իշխանությունը փորձի համատեղ առաջարկներ քննարկել եւ իրականացնել:

Նրանք նաեւ կոնկրետ առաջարկներով են հանդես գալիս, օրինակ ԲՀԿ-ն խորհրդարանական ընդդիմության հետ արդեն իսկ վարչապետին եւ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, իսկ համագումարի ժամանակ Գ.Ծառուկյանն իր ելույթում հայտարարեց, որ կոալիցիոն կառավարումը անարդյունավետ է եղել, այսինքն նա հասկացրեց, որ իրենց պետք է տրվի կառավարչական մի մարմին, այլապես մասնաբաժիններով ոչինչ չի փոխվում:

_Ես բազմիցս ասել եմ, այնպես չի, որ օպոզիցիան ուզում է, ուրեմն մենք վարչապետ պետք է փոխենք, վարչապետի հրաժարական պահանջենք: Վարչապետի աշխատանքը տեսանելի է այն թիմին, որն իրեն առաջարկել է եւ հատկապես երկրի նախագահին, որը վարչապետի հետ ամենաշատ շփվողն ու աշխատողն է: Եթե համապատասխան թիմը եւ երկրի նախագահը գտնեն, որ կա համապատասխան խնդիր, որի արդյունքում պետք է վարչապետը հրաժարական տա, ապա դա զուտ թիմի խնդիրը կդառնա: Օպոզիցիան ամեն անգամ փորձում է մի բան գտնել, առաջարկել եւ այլն, ավելի լավ է իրենք թող իրենց գործով զբաղվեն, թողնեն իշխանությունն էլ իր գործով զբաղվի, ուրիշ բան, որ երբ օպոզիցիան կարողանա վատի հետ լավն էլ գնահատել, բայց ցավոք սրտի օպոզիցիան անընդհատ փորձում է տեսնել, թե հասարակության մեջ ինչ խնդիր կա եւ էդ խնդիրները դարձնի իր սեփականությունը ու փորձի առաջ տանել:

Ընդդիմության առաքելությունն էլ հենց դրանում է:

Չէ, ինքը պտի իր սեփականն ունենա, ոչ թե փորձի քաղաքացիական հասարակության մոտ առաջացած խնդիրները փորձել սեփականաշնորել եւ իշխանությունների դեմ աշխատեցնել:

Փաստն այն է, որ դժգոհությունը երկրում գնալով մեծանում է եւ վարչապետի աշխատանքը քչերին ու միայն Ձեր թիմին է գոհացնում: Չարժե՞ հաշվի նստել հանրության դժգոհ հատվածի եւ դրա մաս կազմող ընդդիմության հետ, այլապես չի բացառվում, որ շատերը փողոց իջնեն

-Ցանկացած պարագայում զանգվածներին փողոց դուրս բերելը չեմ կարծում, որ դրական ազդեցություն կունենա խնդրի լուծմանը: Նման կոչեր անելուց առաջ մեր կուսակցությունների հայրենասեր ղեկավարները թող մի հատ իրենց կողքի երկրներում նայեն, թե զանգվածներ դուրս բերելու արդյունքում ինչ է եղել այդ երկրների հետ: Ուրիշ բան, որ զանգվածներ դուրս բերելու արդյունքում իրենք փորձում են դիվիդենտներ ունենալ ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական ու տնտեսական:

Մի հարց էլ ԵԿՄ-ի համագումարից.դուք տեսաք, թե ովքեր դարձան վարչության անդամներ՝ Սամվել Ալեքսանյան, Սուրեն Խաչատրյան…

Ի՞նչն է դրա մտահոգողը, հասկացանք…

Օրինակ կասե՞ք՝ որտեղ են կռվել Սամվել Ալեքսանյանը, Սուրիկը Խաչատրյան …

-Ես կոնկրետ էս րոպեին չեմ կարող ասել իրենք որտեղ են կռվել, բայց համենայն դեպս չմոռանանք, որ կռիվների ժամանակ եղել են մարդիկ, որոնք առաջին դիրքերում են եղել, բայց եղել են շատ մարդիկ, որոնք առաջին դիրքերում չեն եղել, բայց շատ մեծ օգուտ են բերել պատերազմի հաղթանակին, զինվորներին տարբեր նկատառումներով:

Այո կասեմ, էլի եմ ասում՝ կան մարդիկ, որոնք ժամանակին շատ մեծ օգուտ են տվել բանակին, երկրապահին եւ մարդկանց, որոնք կամավոր գնացել են կռվելու, կայրենիքը պաշտպանելու: Պատերազմը ոչ միայն առաջին գծում է, այլ հետեւմ.թիկունքից օգնություն էլ է պետք եղել:

Անի Սահակյան


Աղբյուր՝ hayeli.am