Դաշտանն առաջանում է 23-35 օրը մեկ, այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվում է ամսական’ մենստրուացիա: Իսկ բուն արյունարտադրությունը տևում է 3-7 օր’ կախված կնոջ անհատական օրգանիզմից, նրա ֆիզիոլոգիական վիճակից: Դաշտանային ցիկլի խախտումները կարող են հանգեցնել լուրջ հիվանդությունների: Իսկ ինչպե՞ս հասկանանք, որ մեզ մոտ դաշտանային ցիկլի խախտում է սկսվել: Մարինա Ֆրանգյանի խոսքով՝ խանգարումները բազմաթիվ են: Շեղումներից են’ արյան առատությունը, որոշ ժամանակ հասունացում չապրելը (դաշտանը սկսվելու վաղ փուլում), օրերի խախտումը. «Նույնիսկ այն, որ կնոջ մոտ մեկ 25 օրը մեկ է, իսկ հետո 30, ապա դա էլ է խախտում»: Բժշկուհին նշեց, որ խախտումների մասին, իհարկե, կարելի տեսականորեն խոսել, բայց յուրաքանչյուր օրգանիզմ պահանջում է անհատական մանրամասն զննում, ըստ որի՝ պարզ է դառնում, թե ինչ աստիճանի բժշկական միջամտություն է պետք: Հնարավոր է, որ ուղղակի մի քանի դեղը բավական լինի Ձեզ անհանգստացնող հարցերից ազատվելու համար, բայց լինում են նաև դեպքեր, երբ պահանջվում է երկարատև աշխատանք թե գինեկոլոգի կողմից, թե հիվանդի: Ինչպես նկատեց գինեկոլոգը, դանակը ոսկորին է հասնում, և նոր են կանայք դիմում բժշկին:
Խախտումների են բերում քաշի պակասը, նեղ, կիպ և կոնքերից ներքև նստող տաբատները, բացված որովայնը, մեջքը: Օրինակ՝ եթե Դուք 18 տարեկան եք, իսկ Ձեր քաշը մինիմում 45 կգ-ի չի հասնում, ապա դա էլ է լուրջ խնդիր: Պետք է ավելացնել կիլոգրամները, և ցիկլի խախտումների խնդրի առաջ չեք կանգնի:
Դաշտանի ցավոտ լինելու մասին էլ մասնագետը նշեց, որ դա էլ է կապված մի քանի հանգամանքների հետ: Նախ’ երբ Ձեր տատիկի, մայրիկի, հորաքրոջ կամ մորաքրոջ մոտ նույնպես դաշտանն ուղեկցվել է ցավերով, ուրեմն Ձեզ մոտ ժառանգական է, իսկ եթե ոչ, ապա, հնարավոր է՝ այդ ընթացքում մրսել եք, սթրեսներ եք տարել, դիետաներ եք պահել: Բայց հիմնականում այդ ցավը հենց լուրջ խնդրի նախանշան է. «Երբեմն մեզ են դիմում աղջիկներ, ովքեր նշում են, թե ցավը անտանելի է լինում և ստիպված մեծ քանակությամբ ցավազրկողներ են խմում: Դա խրախուսելի չէ, քանի որ օրգանիզմին սովորեցնում եք դեղի, իսկ եթե մեկ անգամ խմելով չի օգնում, ապա մի մեծացրեք չափաբաժինը: Սխալ է: Դիմեք բժշկի և ստացեք ճիշտ ախտորոշում»:
Բժշկուհին հիմնականում ծնողներին է մեղադրում խնդրի լրջացման համար, քանի որ հենց նրանք են խուսափում իրենց աղջիկներին գինեկոլոգի մոտ տանել. մտածում են՝ ամոթ է: Հասունացման ընթացքում հարկավոր է պարբերաբար ստանալ բժշկի խորհրդատվություն, քանի որ հետագայում կարող են առաջանալ մի շարք բարդություններ և հիվանդություններ’ սկսած անպտղությունից, սեռավարակներից մինչև արգանդի քաղցկեղ:
Սիրելի լեդիներ, պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր առողջությանը:
Հասմիկ Մելիքսեթյան