Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ Тиждень.ua-ին հղումով, որն էլ վկայակոչում է Մայդանի պարետ Անդրեյ Պարուբիյին։

 

Նրա խոսքով՝ խորհրդարանի շենքում է գտնվում ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաև «Պրավիյ սեկտոր» խմբավորման ստորաբաժանումը։ Բացի այդ, ակտիվիստները հսկում են նախագահականը, Նախարարների կաբինետի և Ներքին գործերի նախարարության շենքերը։

 

Պարուբիյը հայտնել է, որ ցուցարարները հրավիրում են ոստիկաններին միանալ Մայդանի պաշտպանությանը և անցնել ընդդիմության կողմը։

 

Հաղորդվում է, որ Կառավարության շենքի մոտ է արդեն գտնվում Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի 30 մարտիկ։

 

Ընդհանուր առմամբ, ըստ Պարուբիյի, ընդդիմադիրներն արդեն վերահսկում են ողջ կառավարական թաղամասը։ Մայդանի պարետն ասել է նաև, որ այսօրվանից ակտիվիստներն իրենց վերահսկողության տակ են առնում ամբողջ Կիևը։

 

Փետրվարի 21-ի երեկոյան ցուցարարները, հավաքվելով Անկախության հրապարակում, պահանջել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը։ Համաձայն վերջնագրի՝ նա պետք է պաշտոնից հեռանա մինչև առավոտյան ժամը 10.00-ն։

Հակառակ դեպքում նրանք խոստացել են զինված հարձակման անցնել։