Այս և այլ հիմքերով այսօր՝ փետրվարի 24-ին, Մարո Գուլոյանի իրավահաջորդի փաստաբան Լուսինե Մինասյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկեց գործի վարույթը երկրորդ անգամ կարճելու վերաբերյալ Նոր Նորքի քննչական բաժնի նոյեմբերի 20-ի որոշումը:

Փաստաբանը նշեց, որ գործի երկրորդ քննության ժամանակ վկաների ցուցմունքերը միմյանց հակասել են, սակայն քննչական մարմինը առերեսում չի կատարել ժամային հստակեցում անելու համար:

«Արևակ Գուլոյանը՝ Մարո Գուլոյանի սկեսուրը, հայտնել է, որ դեպքի օրը, իրենց տանը մոտ գտնվող հողատարածքում, 17:00-ից 18:00-ի սահմանում հեռախոսով զրուցել է Մարո Գուլոյանի մոր հետ: Վերջացնելուց հետո զանգահարել է և իմացել, որ տանը դեպք է եղել և իրեն շատ շտապ կանչում են տուն: Դրան հակառակ վկաների մեծամասնությունն էլ նշում է, որ դեպքը տեղի է ունեցել 19:00-ին»,-դատարանում ասաց Լուսին Մինասյանը՝ նշելով, որ ոստիկանությունում դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 21:00-ին, իսկ Արևակ Գուլոյանն իր ցուցմունքում նշել է, թե ոստիկաններ են եղել տանը, երբ ինքը վերադարձել է հողատարածքից:

Փաստաբանը դատարանի ուշադրությունը գրավեց վկաների այն ցուցմունքի վրա, թե խալաթը, որի գոտիով իրենց պնդմամբ լոգարանում կախվել է Մարո Գուլոյանը, այլ շորերի հետ տարել են դիահերձարան, որպեսզի այն դրվի դագաղի բարձի մեջ: Դատաբժշկի օգնականը, որը տոպրակի պարունակությունը տեղավորել է բարձում, նշել է, որ չի նայել, թե տոպրակում ինչ է եղել, բայց ըստ վկաների ցուցմունքների, նա հետո վերադաձրել է տոպրակի մեջ եղած հողաթափերը: Լուսինե Մինասյանը կասկածում է անգամ, թե խալաթը Մարոյին է պատկանել, հատկապես որ Մարոյի հարազատները հավաստիացնում են, որ աղջիկը խալաթ չի ունեցել:

«Մարոն ընդհանրապես խալաթ չի հագել: Կինս ասում ա էդ խալաթը իրան ոչ ունեցել ա, ոչ էլ իր դարակներում եմ տեսել»,- նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարոյի հայրը՝ Ռոման Թովմասյանը:

Նա նշեց, որ բացառվում է՝ երկու տարեկան դուստր ունեցող և երկրորդ երեխայով հղի աղջիկն ինքնասպան եղած լիներ, քանի որ այդ օրն իրենք պետք է գնային Մարոյին տուն բերելու: Նա պատմեց նաև, որ Մարոյի ամուսինը խաղամոլ էր և ծեծում էր աղջկան. «Սաղ օրը կազինոներից տուն չէր գալիս, մեզ լրիվ սկնանկացրել ա, մեր բարեկամների հետ միասին: Նա «բրաչնի» աֆերիստ ա եղել: Մի անգամ աղջկաս մազերից քաշել էր, աղջիկս ուշաթափվել էր, հազիվ էին հետ բերել:»: Մարոն, հոր պատմելով, չի բաժանվել, քանի որ ամուսինը թույլ չի տվել դստերն իր հետ տանել: Մարոյի մահից հետո երեխան Գուլոյանների տանն է, Մարոյի հայրն ու մայրը երեխային տեսնում են միայն այն ժամանակ, երբ եղբայրները երեխային իրենց տուն են բերում:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում Մարո Գուլոյանը, ըստ պաշտոնական վարկածի ինքնասպան էր եղել: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Գործով նախաքննությունն իրականացվել էր ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքում, որը 2013թ. ապրիլի 22-ին որոշում էր կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառով:

Հունիսի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ, գործի քննությունը վերաբացվել էր, իսկ վերաբացված գործով քննությունը Քննչական գլխավոր վարչության կողմից հանձնարարվել էր Նոր Նորքի քննչական բաժնին: Վերջինիս կողմից 2013թ. նոյեմբերի 20–ին կայացվել էր գործի վարույթը կարճելու մասին թվով 2-րդ որոշումը: Այդ որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունն այսօր կիսատ կատարվեց, քանի որ ներկա չէր գործով քննիչը: Այն տեղի կունենան մարտի 10-ին:
news.am