Ամուսիններ Արմանը և Յանան նոր տեսահոլովակ են ներկայացրել իրենց երկրպագուների դատին: Երգն արդեն շատերի կողմից սիրված «Եկ այս գիշեր» երգն է, որը նոր մոտեցմամբ ներկայացվել է զույգի կողմից:
Տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, խոսքերի հեղինակը` Արամայիս Սահակյանը, երաժշտության հեղինակը` Սուսաննա Կարապետյանը:
Lurer.com-ի թղթակիցը զրուցեց Արմանի ու Յանայի հետ և շատ հետաքրքիր նորություններ իմացավ հենց նկարահանման հրապարակում տեղի ունեցածի մասին:
«Հոկտեմբեր ամսվա ցուրտ օրերից մեկն էր, երբ սկսեցինք տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Երկուսս էլ գրեթե մերկ էինք: Այն աստիճան էինք մրսել, որ Յանան հիվանդացավ և ստիպված եղավ հաբեր ընդունել:
Մրսեցինք հատկապես անձրևի տեսարանը նկարահանելիս. սառը քամուն միացավ նաև սառը ջուրը: Կարծում եմ` արվեստը զոհեր է պահանջում: Դա մեր կողմից մի փոքր զոհաբերություն էր, քանի որ ուզում էինք հետաքրքիր մի բան ստեղծել»,- պատմում է Արմանը:
Երգչի խոսքով` իրենց երգերի հեղինակը միշտ իրենք են եղել, բայց այս երգը շատ են սիրել և որոշել են մի փոքրիկ խորամանկ քայլի դիմել` կատարելով այնպիսի երգ, որն արդեն շատերի կողմից սիրված է.
«Այս երգը հասցրել է ճանաչվել, սիրվել, և մենք էլ որոշեցինք յուրովի ներկայացնել այն` վերածել զուգերգի: Միանգամայն նոր մոտեցում է, նոր գործիքավորում»:
Արմանին հարցրինք` արդյոք չի խանդում կնոջը բաց տեսարաններում նկարվելու պատճառով: Արմանը յուրօրինակ պատասխան տվեց.
«Խանդը լինում է այն դեպքում, երբ առիթ կա: Կինս գեղեցիկ է և կարողանում է գեղեցիկ ներկայանալ: Այս դեպքում ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ խանդ: Իհարկե ոչ»:
Յանային նույնպես հարցրինք` չի խանդում արդյոք ամուսնուն:
«Շատ ուրախ եմ, որ մենք այդպես ենք նկարվել: Սիրուն կազմվածք ունի: Թող տեսնեն, ինչու չէ, – ասաց Յանան և ծիծաղելով` հավելեց, – մեկ է` իմն է»:
Տեսահոլովակի մասին խոսելիս երգչուհին պատմեց, որ մտահղացումը եղել է Արմանինը. «Ինձ դուր եկավ նրա գաղափարը: Ես նրան վստահում եմ: Կարծում եմ` ավելորդ ճոխություններ պետք չէին»:
Ի լրումն Յանայի խոսքի` Արմանն ասաց, որ փորձել են «գլամուր» չլինել:
«Տեսահոլովակը մինիմալիզմի մեջ է նկարված,- ասաց Արմանն ու հումորով ավելացրեց, – նաև նատուրալիզմի»:
Զույգը նաև իր պաշտոնական կայքն է բացել իրենց երկրպագուներին ավելի մոտ լինելու համար:
Աղբյուր՝ lurer.com