Այդ բառը հրապարակավ հնչեցնող քաղաքական գործիչը թեեւ բացատրել է դրա իմաստը՝ «ճաք տված», բայց մարդիկ բառարաններում այլ իմաստներ էլ են հայտնաբերել: Օրինակ՝ «իգական սեռական օրգան»:
Այն, որ արդարադատության համար պատասխանատու նախարարը ոչիշխանական քաղաքական ուժերի երեսին շպրտում է՝ ասելով, թե նրանք «ղալաթ» են անում, որ հանդես են գալիս կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով, դա մի տեսակ նորմալ է ընկալվում: Ավելի ճիշտ, «ղալաթ» բառը շոկ չի առաջացնում: Անգամ երբ դա օգտագործում է արդարադատության նախարարը: Սա աբսուրդ է:
Իրեն արդարադատության քուրմ հռչակած անձը հաթաթայի լեզվով է խոսում քաղաքական ուժերի հետ: Ուրեմն ինչպե՞ս կարող ես հավատալ, որ երկրում իրապես արդարադատություն է իրականացվում:
«Ղալաթ ես անում, որ պայքարում ես քո իրավունքների համար»,–այս մտածողության կրողն է այդ նախարարը, որ, ո՜վ զարմանք, իրեն Ֆեմիդա է երեւակայում:
Դե, եթե այդ մտածողությամբ նա «Ֆեմիդա» է խաղում, ուրեմն թող չնեղանա «եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլախ, թող չնեղանա»:
Ու հանկարծ հայտնվում է իսկական «արդարադատը»՝ Գալուստ Սահակյանը, ով «ղալաթ» եւ «չաթլախ» բառերը հայհոյանք չի համարում:
Ինչպես ասում են՝ «Խաչն իրենն է, զորությունն ինքը գիտի»:
Գալուստ Սահակյանն ինչպե՞ս կարող է դրանք հայհոյանք համարել, երբ բազմիցս լսել է իրական հայհոյանքներ իր կուսակից, պատգամավոր Շմայսի բերանից: Օրինակ՝ այսպիսին. «Զակազչիկներին փաթթած ունեմ բոլորին, ով ինչ ունի, չունի, թող գա իմ հետ, դեմառդեմ խոսանք, կարճ կոնկրետ: Իրենց պապաներին էլ հետը փաթթած ունենամ, բոլորին: Դրանց պապաներին, որ արդեն կեղտ չկա վրես, ոչ մի բան չկա, զակազներ են կատարում, դրանց պապաներին փաթթած ունենամ իրենց երեխեքի հետ: Դրանց զակազչիկները, պապաները եւ իրենց կնանիք են ինձնից հղի, որ իմ վրա գրել են տալիս, ուրիշ բան չունեմ ասելու»:
Կամ այսպիսին. «Զարուհու նմանները գնում են սունաթված թուրքերի մոտ…գնացե թուրքի տակ ա պառկե»:
Իսկ մյուս «արդարադատը»՝ Արմեն Աշոտյանը, ասում է. «ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի այսօրվա «պոռթկումը» հարիր չէր իր նման փորձառու խորհրդարանականին: Կարծում եմ` Արմեն Ռուստամյանը պետք է ներողություն խնդրի իր այսօրվա բառամթերքի համար»:
Բայց թե՛ Սահակյանը եւ թե՛ Աշոտյանը չեն ասում, որ նախ իրենց կուսակից արդարադատության նախարարն է սեփական կարգավիճակին անհարիր «բառամթերք» օգտագործել, ինչի համար ներողություն չի խնդրել:
«Ղալաթ են անում» հոխորտանքը երբ հնչում է այլոց շուրթերից, դա, թերեւս, այն աստիճան չի կարող զայրացնել մարդկանց, որքան այն դեպքում, երբ նման բան անպատկառորեն նետում է մեկը, ով կոչված է արդարադատություն իրականացնել երկրում:
Ուրեմն, այս կառավարության «Ֆեմիդային» էլ համարժեք պատասխան է հասնում:
Ընդհանրապես, մտածողությամբ, գործելակերպով ու «բարեշրջումներով» եթե գնահատելու լինենք, ապա «ճաք տված» կարող ենք համարել ողջ կառավարությանը, որի հեռանալու պահը շա՜տ վաղուց է հասունացել։
Կիմա Եղիազարյան
http://7or.am/am/news/view/63965/