Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք շահագրգռված ենք, որ որքան հնարավոր է շուտ գտնվեն իրավիճակի լուծման եւ գործընթացների նորմալ կարգավորման ուղիներ»,-ասել է վարչապետը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ուկրաինական զարգացումների սցենարի կրկնություն տեղի ունենա Հայաստանում, եւ հնարավո՞ր է, որ Յանուկովիչի կուսակիցների նման մի օր ՀՀԿ-ականներն էլ հայտարարություններ անեն ՀՀ նախագահի դեմ, վարչապետը պատասխանել է. «Կարծում եմ՝ այդպիսի համեմատությունները կոռեկտ չեն, տեղին չեն: Կարծում եմ՝ բոլոր ագրեսիվ ընդդիմախոսները կերազեին նման սցենարի մասին: Իրատեսական չէ, որ այդ սցենարը կրկնվի Հայաստանում մի քանի պատճառներով: Մեր քաղաքական թիմի դիրքորոշումը եւ մեր քաղաքական թիմի ղեկավարության դիրքորոշումը միշտ եղել է ընդդիմախոսների հետ երկխոսության կամուրջներ կառուցելը: Մենք միշտ հանդես ենք գալիս համագործակցության օգտին:

Գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ եւ մենք ինքներս ենք առաջինը խոսում դրանց մասին: Այդ առումով մեր դռները միշտ բաց են համագործակցության համար: Մեր ժողովուրդն արդեն անցել է այդ ուղին եւ դա դաս է եղել իշխանությունների եւ բոլոր կուսակցությունների համար, առանց բացառությունների: Ես վստահ եմ, որ եւ կուսակցությունները, եւ ժողովուրդը իմաստություն կդրսեւորեն»:
news.am