Մի խոսքով’ լավ էինք վաստակում ու նորմալ ապրում: Անկեղծ ասած’ դեռ չեմ համակերպվել այն մտքի հետ, որ պետք է գնանք Հայաստանից… Բայց դե ինչ արած: Երեւույթին ես նայում եմ որպես աշխատանքային գործուղման»,- ասում էր երիտասարդ ծրագրավորող Սուրեն Հակոբյանի կինը’ նույնպես ծրագրավորող Աշխենը, իրենց ընտանիքի’ Գերմանիա մեկնելուց 1-2 օր առաջ: Սուրենն արդեն 7-8 տարի էր, ինչ աշխատում էր գերմանական մի ընկերության պատվերով ծրագրեր պատրաստող ընկերությունում, թիմի ղեկավար էր:
Տարեկան մի քանի անգամ մեկնում էր Գերմանիա’ հաշվետվությունների, վերապատրաստման և այլն: Վերջին անգամ մեկնեց դեկտեմբերին’ 1 շաբաթով, բայց մնաց 1 ամիս: Հարազատների հետ կապ հաստատելով` հայտնեց. «Մեր ընկերությունն իր հայաստանյան գրասենյակը փակում է, ինձ ու իմ թիմին առաջարկել են տեղափոխվել Գերմանիա` այստեղ աշխատելու` բավականին լավ պայմաններով: Ես ընդունել եմ առաջարկը…»:
Սկզբում հարազատները լուրն ընդունեցին հպարտությամբ’ իրենց Սուրենին խիստ ձեռնտու առաջարկ է արել գերմանական այնպիսի կազմակերպություն, որը պետական պատվերներ է կատարում, այսինքն’ Գերմանիայի պետությունն է հրավիրել նրան: Բայց հետո նրանց մոտ սկսեց գերիշխել այն միտքը, որ նրա երիտասարդ ընտանիքը, հատկապես` երկամյա դուստրը, ում բոլոր հարազատները պաշտում են, պետք է «լքի» Հայաստանը’ նվազագույնը 5 տարով (այդքան էր Սուրենին առաջարկված պայմանագրի նախնական ժամկետը), ու իրենք այլևս ամեն վայրկյան չեն կարողանա գրկել Սուրենի փոքրիկին, լավագույն դեպքում` սկայպով էին տեսնելու:
Կինը, ով նույնպես կայացած, բարձրակարգ ու բավականին բարձր վարձատրվող մասնագետ է, դժվար համակերպվեց իր տարիների աշխատանքը, արդյունքը թողնելու ու Գերմանիա մեկնելու մտքին, բայց դե հո Սուրենին մենակ չէ՞ր թողնի: Սուրենենց ծրագրավորման ընկերությունը, որը Հայաստանում վերջին 7 տարիներին գործունեություն էր ծավալում և ծրագրային լուծումներ տալիս գերմանական ընկերություների ու պետական-կառավարական կազմակերպությունների ու մարմինների համար, փակվեց, որովհետև գերմանացիների համար Հայաստանում ստեղծված բիզնես միջավայրի ու քաղաքական գործընթացների պայմաններում այլևս ձեռնտու չէր գրասենյակ պահելը. վերջին 1 տարվա ընթացքում անընդհատ այս հարցը բարձրացվել էր, բայց որակյալ աշխատուժից չզրկվելու համար դեռ շարունակել էին գրասենյակ պահել Հայաստանում: Իսկ հիմա արդեն կոլեկտիվին’ ծրագրավորողներին, օգտագործելով հայաստանյան զարգացումների հանդեպ նրանց հիասթափությունը, Գերմանիայից շատ շահավետ գործնական առաջարկություն արեցին’ տեղափոխվել եւ շատ ավելի բարձր աշխատավարձով աշխատել հենց Գերմանիայում:
Իսկ Սուրենը վճռական էր տրամադրված. «Մնամ էստեղ, ի՞նչ անեմ: Մեր գրասենյակը փակվում է, ես չգիտեմ’ աշխատանք կգտնե՞մ, թե՞ ոչ: Չեմ կարծում, թե դժվար կլինի աշխատանք գտնելը, բայց մի բանից հաստատ շատ կնեղվեմ’ մեր պետությունն ինձ` որպես իր քաղաքացու, չի հարգում: Օրինակ’ վերջին’ կուտակային կենսաթոշակայինի մասին օրենքն ու պաշտոնյաների’ առանձնահատուկ պնդաճակատությամբ այն պաշպանելն ինձ ամբողջովին հունից հանեցին: Ես չեմ ուզում տարին 12 ամիս աշխատել, իսկ ինչ-որ փողկապավոր հոպարներ որոշեն, որ ես պարտավոր եմ իմ աշխատանքի 10-12 տոկոսը տալ իրենց որոշած ինչ-որ ֆոնդերի’ աննորմալ խոստումների դիմաց»,- մեկնելուց մի քանի օր առաջ ասում էր Սուրենը, երբ զրուցում էինք նրա` մեկնելու որոշման մասին:
Ցավոք, Սուրենի պես նրա 9 գործընկերները ևս Հայաստանից Գերմանիա տեղափոխվելու եւ այնտեղ աշխատանքը շարունակելու առաջարկն ընդունել էին: Թեեւ նրանց բոլորին էլ նախկինում պարբերաբար կանչել էին Գերմանիա, նրանք միշտ հրաժարվել էին մեկնել’ Հայաստանում իրենց, բնականաբար, ավելի լավ էին զգացել: Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը` որպես անարդար վճիռ, եղավ հենց այն խթանը, որ նրանք բոլորն էլ այս անգամ համաձայնեցին ու այդպես խմբով էլ մեկնեցին Գերմանիա’ զարգացնելու այդ երկրի տնտեսությունը` իրենց ինտելեկտուալ ռեսուրսը ի սպաս դնելով Գերմանիայի զարգացմանը: Եվ այդ փոքրիկ կոլեկտիվի 9 անդամները’ ընտանիքներով, ընդհանուրը’ 22 մարդ, իրենց բեռ ու բարձով մեկնեցին: Գործատուն նախօրոք հոգացել էր բնակության վայրի, իրերի տեղափոխման և շատ այլ հարցերի մասին: Վերջին պահին’ մեկնելուց մի քանի ժամ առաջ, նրանց ոգևորությունն արդեն չկար, ինչպես ասում էր Սուրենը’ կոնկրետ վճռական պահին չէր կողմնորոշվում’ մեկնելը լա՞վ էր, թե՞ վատ: Գևորգ ԱՎՉՅԱՆ
Նյութի աղբյուր