Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Սամվելի Հարությունյանի հարուցված կարգապահական վարույթը հնարավոր է մինչեւ շաբաթվա վերջ ավարտվի, եթե իհարկե լրացուցիչ ուսումնասիրության համար հավելյալ ժամանակ չպահանջվի:

Վարույթի արդյունքում Փաստաբանների խորհուրդը նախեւառաջ որոշում է ընդունելու փաստաբանին պատասխանատվության ենթարկել, չենթարկելու մասին, այնուհետեւ որոշվելու է պատասխանատվության տեսակը՝ փաստաբանական արտոնագրի կասեցում, դադարեցում եւ նկատողություն:

Գեւորգ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում եւս մեկ անգամ վստահեցրեց, որ դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ ինքը սեռական բնույթի հայհոյանք չի օգտագործել: «Ողջամիտ չէ, որ որեւէ փաստաբան նման հայհոյանքներով հայցադիմում ներկայացնի դատարան: Անորոշ վիճակ է, վերջնական արդյունքը պարզ կլինի վարույթի որոշմամբ, որը կունենա նաեւ պատճառաբանական մաս»,- ասաց նա: Թե ով է փաստաբանի փոխարեն հայհոյանք գրել հայցադիմումում, Գեւորգ Հարությունյանն ասաց, որ այդ ամենը պարզ կլինի քննության ավարտից հետո: «Սա գրասենյակային աշխատանք է, ելումուտ կա, թեեւ այդ ամեն ինչը վերահսկվում է, այլ անձինք մեր համակարգիչներին մոտենալու հնարավորություն չունեն, բայց հազար ու մի բան կարող է կատարվել: Չեմ կարծում եւ ոչ էլ ուզում եմ մեղք վերցնել վրաս եւ որեւէ մեկին կասկածել դրա մեջ»,- ասաց փաստաբանը: Նա տեղեկացրեց, որ դեպքից հետո ժողով է արել, ինչ-որ միջոցներ ձեռնարկել է, սակայն չի կարողանում պարզել, թե ինչ է կատարվել:

Գեւորգ Հարությունյանը դեռ չի մտածել կբողոքարկի իրեն պատասխանատվության ենթարկելու որոշումը, թե ոչ, իհարկե եթե նման որոշում կայացվի:

Հիշեցնենք, որ սոցցանցերում հայտնվել էր  հայցադիմում՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին,  որում փաստաբանը օգտագործել էր սեռական բնույթի հայհոյանքներ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդ մասին տեղեկացրել է ՀՀ Փաստաբանների պալատին: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ իր հերթին որոշում է կայացրել կարգապահական վարույթ հարուցել փաստաբան Գեւորգ Սամվելի Հարությունյանի (արտոնագիր N1457) նկատմամբ՝ պարզելու դեպքի հանգամանքները: «Կարգապահական վարույթ հարուցելու հիմքն  է  փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը»,- ասվում է հայտարարության մեջ:


Աղբյուր՝ news.am