Երեւանում առաջին անգամ կիմոնոների ցուցադրություն է կայացել: Այն տեղի է ունեցել նախօրեի երեկոյան` Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, հայ-ճապոնական գիտակրթական  «Հիկարի» կենտրոնի եւ ազգային էսթետիկական կենտրոնի կազմակերպած ճապոնական մշակույթի օրերի շրջանակում (ֆոտոռեպորտաժ):

Նախորդ տարիների նման ճապոնական մշակույթի սիրահարները սենսեյ Յամադ Միդորիի շնորհիվ կարողացել են հաղորդակցվել իկեբանայի, գեղագրության արվեստին, մասնակցել թեյախմությանը: Երեւանում առաջին անգամ կիմոնոներ են ցուցադրվել: Բոլոր կիմոնոները Յամադա-սանի հավաքածուից էին: Հատկանշական է, որ հավաքածուն ժառանգությամբ է փոխանցվել` Յամադա-սանի տատիկից, որը նույնպես այն ժառանգել էր իր տատիկից: 

Կիմոնոների ցուցադրությունը սկսվել է բացատրությունից, թե ինչպես են հագնում այդ կիմոնոները, կապում գոտիները: Գոտին ինքնուրույն կապելը շատ դժվար է:  Չնայած հիմա վաճառում են պատրաստի գոտիներ:

Կիմոնոն այժմ էլ Ճապոնիայում տարածված հագուստ է: Որոշ կիմոնոների արժեքը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների:

Հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ստացել տեսնել  հնագույն հազվագյուտ կիմոնոներ: Օկինավայի նախշով կիմոնոն հարսնացուի հնագույն զգեստն է:

Աղջիկների կիմոնոն ամուսնացած կանանց կիմոնոներից տարբերվում է երկար թեւքերով: Հասկանալի, այդպիսի երկար թեւքերով տնային գործեր անելն անհնար է: Ցուցադրվել են կիմոնոներ, որոնցով ուսանողներին հարմար է հեծանիվով դասի գնալը, հարուստ ընտանիքի կնոջ հագուստ: Դա 12 կիմոնո է, որոնք հագնում են իրար վրայից: Նման հագուստը շատ ծանր է, անհարմար, շատ դժվար է դրանով քայլելը եւ որպես կանոն` այն կրել են տոների ժամանակ:


Աղբյուր՝ news.am