Այս մասին Կրասնոդարում կայացած ընկերական խաղում ռուսներից կրած պարտությունից հետո ասաց ՀՖՖ տեխնիկական տնօրեն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով մարտի 5-ին գլխավորում էր Հայաստանի ազգային թիմը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը Կրասնոդարից:
«Այս պահին դժվար է գնահատական տալ: Տղաները ֆունկցիոնալ առումով դեռ պատրաստ չեն, քանի որ Մխիթարյանից բացի, դեռ ոչ ոք չի խաղում առաջնությունում: Ռուսները բարձր տեմպ էին առաջարկում, բայց երբ քո օրգանիզմը պատրաստ չէ այդ տեպին, ապա շատ դժվար է որեւէ բան անել:
Ռուսաստանի հավաքականին հաջողություն եմ մաղթում աշխարհի առաջնությունում: Նրանց թիմային խաղը բարձր մակարդակի վրա: Ռուսները լավ շանսեր ունեն, եթե հաշվի առնենք, թե ինչ խմբում են ընդգրկվել Բրազիլիայում:
Չեմ ցանկանա քննարկել մեր թիմի շանսերը Եվրո-2016-ի ընտրական փուլում: Միայն Հայաստանի հավաքականը չէ, որ վատ է հանդես գալիս ընկերական խաղերում: Նույն անգլիացիները եւ գերմանացիները ոչ միշտ են հաջող խաղում ընկերական խաղերում:
Ինչ վերաբերում է Մխիթարյանի փոխարնմանը, ապա նա ինքը ցանկացավ դա: Ես շատ գոհ եմ հայ երկրպագուների աջակցությունից: Մեզ լավ ընդունեցին Կրասնոդարում: Շնորհակալություն կազմակերպիչներին: Երեկ, երբ զբոսնում էինք փողոցում, մարդիկ մոտենում եւ հաջողություն էին մաղթում մեզ»,- նշեց Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Կրասնոդարում ռուսներին 0:2 հաշվով պարտվեց առաջին խաղակեսում բաց թողած գոլերի պատճառով: Այս խաղից հետո իր պարտականություններին կանցնի Հայաստանի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:
Վերա Մարտիրոսյան, Շուշանիկ Հակոբյան՝ Կրասնոդարից
Նյութի աղբյուրը