«Ես ՀՀ քաղաքացի եմ, ուրեմն չեմ վաճառվում» կարգախոսով ակցիայի ժամանակ ոստիկանները մոտեցել են Անի Զախարյանին եւ պահանջել բարձրախոսով չխոսել եւ չխանգարել մարդկանց անդորրը, այլապես նրան բերման կենթարկեն։ Ոստիկանները նաեւ նշել են, որ ակցիան արտոնված չէ։
Անի Զախարյանը հակադարձել է, որ հարյուրից պակաս մասնակիցներ ունեցող ակցիայի դեպքում քաղաքացին պարտավոր չէ իրազեկել։ Նշենք, որ Անի Զախարյանի ակցիային մասնակցում էր երկու մարդ՝ ինքը եւ իր կուսակից Սուրեն Ավետիսյանը։
Իհարկե, կին քաղաքական գործիչն ավելի բազմամարդ ակցիայի հույս ուներ, քանի որ իր իրազեկող հայտարարությունում նախապես տեղեկացրել էր, որ ցանկացողները կարող են ճանապարհին միանալ իրենց։
Գարեգին Նժդեհի հրապարակից սկսված երթի ամբողջ ընթացքում Անի Զախարյանին այդպես էլ ոչ ոք չմիացավ։ Անցորդները զարմացած նայում էին բարձրախոսն ուսին գցած բարձրակրունկ կոշիկներով կնոջը, որն իրենց հորդորում էր 5000 դրամով չվաճառվել։
Մեր թղթակցի հարցին, թե ինչու ոչ ոք չմիացավ իրեն, Անի Զախարյանը պատասխանեց. «Մեր հասարակությունը սովոր է աժիոտաժային ակցիաների, գնան, շոուներ ապահովեն, մի քանի հոգու բռնեն, ոստիկանները տանեն։ Բայց գիտակցական աշխատանք խնդիրների շուրջ մեր հասարակության ոչ մեծ հատվածն է պատրաստ իրականացնել»։
news.am