Գիտաժողովում դրական առումով անդրադարձ եղավ նաև ՀՀ Ազգային անվտագության խորհրդի կողմից մշակվող ՀՀ հոգևոր անվտանգության հայեցակարգին, ինչը հրամայական անհրաժեշտություն է դարձել Արևմուտքի ժամանակակից հասարակական կյանքից քրիստոնեական արժեհամակարգի օտարման և մեր ավանդական-հոգևոր արժեքների դեմ ուղղված արշավանքի պայմաններում:
«2009 թվականին մենք շատ զարմանքով իմացանք, որ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի այդ հռչակագրին` ի պաշտպանություն միասեռականների իրավունքների, և այնտեղ այնպիսի լուրջ ձևակերպումներ կային, որ պետք է մշակութային կարծրատիպերը փոխել, պետք է մարդկանց մտածելակերպը վերանայել և այլն, և այլն,- իր ելույթում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը:- Բայց մենք իմացանք, երբ որ արդեն փաստորեն ստորագրել էին, միացել էին: Ոչ Ազգային ժողովը գիտեր, ոչ… Ումից որ հետաքրքրվեցինք, բացի արտգործնախարարությունից ոչ մեկը չասեց, որ ինքը տեղյակ է եղել և համաձայնությունը տվել է, նույնիսկ` Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովը տեղյակ չէր: Մենք գնացինք մամուլի ասուլիսի, արտգործնախարարության ներկայացուցիչը եկավ մեզ հետ բանավիճելու, և հիմնական բացատրությունը հետևյալն էր, որ մենք քաղաքական որոշում ունենք` այն, ինչ-որ ՄԱԿ-ում առաջարկում է Եվրամիությունը, մենք (Հայաստանը.- Nyut.am) միանգամից միանում ենք առանց քննարկելու: Եվ քանի որ Եվրամիության առաջարկն էր… Բայց նաև արտգործնախարարության ներկայացուցիչը գտնում էր, որ ճիշտ է միանալը, և օրինակ էր բերում` այ, մեղք չեն, այդ Կիրովի այգու կողքին կանգնած տղաներին Կոնդի տղաները եկել, ծեծել են, ինչ իրավունքով: Իսկ թե ինչ իրավունքով նրանք այնտեղ այդ այլասերությամբ էին զբաղված, պարզվում է, այդ մեկն իրավունք էր»:
Կ. Դանիելյանի տեղեկացմամբ, շատ են բողոքել այդ փաստաթղթի, դրան Հայաստանի միանալու դեմ, բայց արդեն ստորագրել էին:
«Նույնիսկ Ազգային ժողովում,- շարունակեց հիշյալ ՀԿ-ի ղեկավարը,- քննարկվեց, որոշեցին, որ կարող են քննարկել, հետ կանչել ստորագրությունը, բայց այդպես էլ ոչինչ չարեցին, և հիմա հղումն անընդհատ կա` դուք ստորագրել եք, միացել եք, հիմա պարտավոր եք կատարել… Ասեմ, որ ՄԱԿ-ում շատ մեծ միությունն է գործում` ՄԱԿ-ում գրանցված կազմակերպություն, հենց գեյերի, լեսբուհիների միություն է համաշխարհային և, ցավոք, բավականին ազդեցություն ունեն ամենուրեք: Ես ինչքան առնչվել եմ, եթե որևէ տեղ դեմ եմ խոսել այս խնդիրների շուրջ, ապա հետո այդ մարդիկ աշխատել են ինձ չհրավիրել ինչ-որ հանդիպումների, որպեսզի…»:
Կարինե Դանիելյանն անդրադարձավ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված պատմությանը, երբ էկոլոգիական ՀԿ-ները լուրջ դիմադրություն են ցուցաբերել ու չեն միացել ի նպաստ միասեռականների նախապատրաստված փաստաթղթին: Բանախոսի ելույթից պարզ դարձավ, որ երբ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նոր է ստանձնած եղել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, հենց Եվրամիությունը կազմակերպած է եղել հանդիպում ՀԿ-ների հետ:
«Եվ այդ հանդիպման ժամանակ,- շարունակեց Կարինե Դանիելյանը,- անընդհատ քննարկվում էին միասեռականների իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանի նախնական զեկույցում դա քննարկվեց, հետո հատուկ հրավիրել էին այդպիսի մի երիտասարդի, որը քարոզում էր և ասում էր` ես հպարտ եմ, որ այդ համայնքի անդամ եմ, նույնիսկ իրենց իրավունքները հավասարեցրել էին ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ և նույն խմբում էին քննարկում իրենց հարցերը, ազգային փոքրամասնությունները շատ վիրավորված էին այդ մոտեցումից: Վերջում մենք մեր կարծիքը` էկոլոգիական կազմակերպությունների և ոչ միայն, շատ խիստ արտահայտեցինք ու նաև չստորագրեցինք համաձայնագիրը համագործակցության` հենց այդ պատճառով, որ մենք համաձայն չենք այն ուղղվածությանը, որը վերցրել է մարդու իրավունքների պաշտպանը: Եվրամիության ներկայացուցիչը նստած էր այդ նիստին և հատուկ, անընդհատ խրախուսում էր այդ մոտեցումը: Ես կարծում եմ, որ մենք, իհարկե, շատ լուրջ խնդրի առջև ենք կանգնած»:
Գիտաժողովում հնչած այլ ելույթների և այսօրվա աշխատանքների մանրամասներին հանգամանորեն կանդրադառնանք առաջիկայում:
Արթուր Հովհաննիսյան
Նյութի աղբյուրը