ԱԺ մի քանի պատգամավորներ շրջանառության մեջ են դրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ սոցիալական ցանցերից անանուն օգտատերերի էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար: Օրենքի նախագծի համահեղինակներն են Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը և այլք:
Ըստ նախագծի՝ «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»:
Ըստ մեկ այլ կետի` լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:
Նախագծով առաջարկվում է վերահսկել սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններն ու լրատվամիջոցներով դրանց տարածումը, և լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկել իրենց կայքերում կեղծանուններով ներկայացող ընթերցողների վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունների համար: Մինչդեռ անգամ 19-րդ և 20-րդ դարերում կեղծանունները ոչ միայն տարածված երևույթ էին, այլև շատերը նախընտրում էին իրենց ստեղծագործությունները հրապարակել հենց կեղծանուններով` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով անհայտ մնալու նկատառումներով:
Զարմանալին այն է, որ այս նախագիծը պաշտպանում են ավելի շատ անկախ և ընդդիմադիր համարում ունեցող պատգամավորները: Որպես կանոն` լրատվամիջոցներն իրենք, ելնելով էթիկայի կանոններից, հեռացնում են բոլոր այն մեկնաբանությունները, որոնք հայհոյանք են պարունակում: Սակայն բոլորովին բարոյական չէ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնել հենց այն պահին, երբ ՀՀ ԱԺ նիստերը շարունակում են ընթանալ 18+ ֆորմատով և որևէ նախարար կամ պատգամավոր պատասխանատվություն չի կրում խորհրդարանում հայհոյանք հնչեցնելու համար: Իրենց գերանը թողած` պատգամավորները ընկել են ուրիշի փշի հետևից: Օրենսդրորեն փորձ է արվում երկրում արմատավորել ամենաթողություն, երբ իրենց ամեն ինչ կարելի է, անգամ հայհոյել երկրի ամենաբարձր ամբիոնից, սակայն փորձում են պատժել ցանկացած խոսք էլեկտրոնային լրատվամիջոցներում, որը իրենք կհամարեն հայհոյանք: Իսկ ինչու չստեղծվեց պատժի նախադեպ հենց երկրի խորհրդարանում, որ այդ ամենը դաս լիներ մեզ` շարքային քաղաքացիներիս համար: Եթե իրենք կարող են հայհոյանքի հետևանքը մեղմել` հղում անելով այս կամ այն բառարանի մեղմ ձևակերպումներին, ապա հիշեցնեմ, որ ամենագռեհիկ հայհոյանքը դառնում է մեղմիկ հաճոյախոսություն, եթե հղում ես անում որևէ բառարանի կամ լեզվագիտական ուսումնասիրության: Լրատվամիջոցները ևս, որպես բառամթերքի օգտագործմանը շատ մոտ կանգնած կառույցներ, հանգիստ կարող են «շուլալել» նրանց և հղում անել բառարանային մեղմիկ ձևակերպումներին: Այնպես որ, օրենքի նախագիծ գրելուց առաջ, լա′վ մտածեք: Սեփական ինքնապահպանման բնազդը ձեզ կնետի խայտառակ հիշոցների հորձանուտ, մեծարգո ազգընտիրներ: Իսկ եթե ուզում եք պաշտպանվեք հայհոյանքներից և կծու քննադատությունից` պարզապես բարեխղճորեն կատարեք այն աշխատանքը, ինչի համար պետությունը ձեզ վարձատրում է:
ԱԺ պատգամավորներն այս նախաձեռնությամբ, փորձում են իրենց անձը դուրս թողնել քննադատությունից: Նախագիծը խոսքի ազատության սահմանափակում է, ճնշում լրատվամիջոցների վրա` գրաքննության ժամանակներին վերադառնալու փորձ:
Օրենքի նախագծի` շրջանառության մեջ մտնելուց առաջ, չգիտես ինչու, հիշեցի Արմեն Ռուստամյանի խոսքերը` ղալաթ եք անում… պատգամավոր ֆեյքեր…
Աղբյուր՝ lurer.com