Երկու ամիս առաջ իր շենքի բակում անհայտ անձի կողմիցհարվածներ ստանալու հետեւանքով «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից, Արցախյան ազատամարտի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, 3 երեխաների հայր Կարեն Մկրտչյանը այս շաբաթ մեկնելու է արտերկիր: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարենի հայրը՝ Գրիգոր Մկրտչյանը:

Նա նշեց, որ Կարենը ընկերոջ՝ դերասան Վարդան Արզումանյանի հետ մեկնելու է Գերմանիա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղի հիվանդանոցներից մեկի հետ եւ նախապես պետք է 5000 եվրո փոխանցեն, որպեսզի Կարենն այնտեղ հետազոտվի, դրանից հետո կորոշվի բուժման կուրսը եւ ըստ այդմ՝ պարզ կլինի անհրաժեշտ գումարը: «Այս շաբաթվա մեջ մեկնելու են, չենք սպասում լրիվ գումարը հավաքվի:  Արդեն փաստաթղթերն ենք դասավորում, մինչեւ շաբաթվա վերջ կմեկնեն: Իսրայելում թանկ էր արժենում, դրա համար որոշեցինք Գերմանիա մեկնել»,- ասաց Գրիգոր Մկրտչյանը:

Նա նշեց, որ Կարենի առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա, անվասայլակին է եւ հիմա շատ դժվար է խոսում, իսկ հեռախոսով երբ խոսում է, վատանում է:

Նշենք, որ նրա բուժման համար արդեն հավաքվել է շուրջ 27 հազար եվրո: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903:: Կարենին օգնելու նպատակով Առնո Բաբաջանյան համերգասրահում մարտի 30-ին կկազմակերպվի բարեգործական համերգ, իսկ մարտի 9-ին էլ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ու ՀԱԱՀ-ի վարժարանի ուսանողները անցկացրեցին բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի ընթացքում հավաքվեց մոտ 150 հազար դրամ:

Ավելի վաղ news.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից news.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, նա գտնվում  է անվասայլակին, սակայն այժմ  նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը:

news.am