Ֆրանսիայի 14 քաղաքների քաղաքապետեր ՄԻԵԴ-ում բողոքել են նույնասեռական ամուսնությունների դեմ:

Նույնասեռական ամուսնությունները Ֆրանսիայում օրինականացնելուց հետո  ֆրանսիացի որոշ քաղաքապետեր հայտարարել էին, որ չնայած օրենքին՝ իրենք նույնասեռական ամուսնություններ չեն գրանցի: Նրանք դիմել են Սահմանադրական խորհուրդ՝ խնդրելով  պատասխանել, թե արդյոք համապատասխանում է Սահմանադրությանն այն, որ իրենց գործողությունները կարգավորող օրենքներում չի հիշատակվում «խղճի դրույթը»: Դատարանները դրանում սահմանադրական ոչ մի խախտում չեն նկատել: Ըստ նրանց՝ քաղաքապետերը պետք է գրանցեն ամուսնություններն՝ անկախ  այն բանից՝ կողմ են  նույնասեռական միություններին, թե՝ ոչ: 

Մերժում ստանալով՝ պաշտոնյաները բողոքել են ՄԻԵԴ-ում. 14 քաղաքապետ ընդհանուր հայց է ներկայացրել՝ «արդար դատավարության իրենց իրավունքը» խախտելու բողոքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2013թ. մայիսից մինչեւ 2014թ. հունվարը Ֆրանսիայում կնքվել է 238 հազար ամուսնություն, որոնցից յոթ հազարը՝ նույնասեռական զույգի: Նույնասեռական երեք զույգից երկուսը տղամարդիկ են:  Նույնասեռական հարսանիքների գագաթնակետը եղել է սեպտեմբերին, երբ կնքվել էր 1,5 հազար նման  ամուսնություն:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 18-ին Ֆրանսիայում օրենք էր ընդունվել նույնասեռական ամուսնություններն օրինականացնելու մասին: Ֆրանսիան դարձել է ԵՄ-ի վեցերորդ երկիրը Նիդեռլանդներից, Բելգիայից, Դանիայից, Շվեդիայից եւ Իսպանիայից հետո, որտեղ նույնասեռական ամուսնություններն օրինական են:


Աղբյուր՝ news.am