Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:
20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…