26-ամյա Արմեն Մարտիրոսյանին և 29-ամյա Գեղամ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, իբրև թե նրանք 2012թ-ի հոկտեմբերին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառում տարբեր մեքենաների մեջ բռնություն գործադրելու սպառնալիքով սեռական հարաբերություն են ունեցել համագյուղացի անչափահաս Հասմիկ Համբարձումյանի հետ:

Պարզվում է` նրանց ծանոթությունը սկիզբ է առել համացանցից: Ամբաստանյալ Արմեն Մարտիրոսյանը 2012թ-ի սեպտեմբերին համացանցի միջոցով ծանոթացել է տուժող Հասմիկ Համբարձումյանի հետ, ով այդ ժամանակ դեռևս դպրոցական է եղել: Որոշակի շփումից հետո նրանք որոշել են հանդիպել: 2012թ-ի հոկտեմբեր ամսին` կեսգիշերից հետո, հանդիպել են աղջկա տատի տան մոտ, այնուհետև սկսել են հաճախակի հանդիպել, շփվել են նաև հեռախոսով և մտերմացել: Երիտասարդները նույնիսկ ամուսնանալու մտադրություն են ունեցել, սակայն որոշել են սպասել, մինչև Հասմիկն ավարտի դպրոցը: Այդ ընթացքում ՌԴ-ից Հաղարծին է վերադարձել Արմենի ընկերը` գործով մյուս ամբաստանյալ Գեղամ Մանուկյանը, ով Արմենի միջոցով ծանոթացել է Հասմիկի հետ. վերջինիս ևս մեղադրանք էր առաջադրվել Հասմիկին բռնաբարելու համար, սակայն դատարանում պարզվել է, որ նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել:

Այսպիսով` դատաքննության ընթացքում ուսումնասիրված ապացույցներով հերքվել է ամբաստանյալների հանցավոր արարքը: Մեղադրողը, տեսնելով հանցանքը հերքող բազմաթիվ ապացույցները, որոշել է հենց դատարանում հրաժարվել իր մեղադրանքից: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ դատավոր Զ. Զաքինյանի), վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները և հիմք ընդունելով մեղադրանքից հրաժարվելու մասին մեղադրողի դիրքորոշումը, արդարացրել է Տավուշի մարզի բնակիչներ Արմեն Մարտիրոսյանին և Գեղամ Մանուկյանին:

Դատարանում պարզվել է, որ անչափահաս աղջիկը խաբել է ծնողներին և սուտ մեղադրանք ներկայացրել ոստիկանությունում:

Հետագայում, հանդիպումներից մեկի ընթացքում, Արմենն ու Հասմիկը սեռական հարաբերություն են ունեցել, որից հետո նրանց մտերմությունը որոշակիորեն սառել է: Վախենալով ստեղծված իրավիճակից և վստահ չլինելով, որ Արմենն այդուհետ կամուսնանա իր հետ` Հասմիկն իր ընտանիքի անդամներին պատմել է իր և երիտասարդի միջև կատարվածի մասին: Նա իրեն արդարացնելու համար ասել է, թե Արմենը դանակի գործադրմամբ է տիրացել իրեն և զրկել կուսությունից: Աղջիկը ծնողներին պատմել է նաև, թե որոշ ժամանակ անց, կրկին դանակի սպառնալիքով, պարտադրված սեռական հարաբերություն է ունեցել նաև Արմենի ընկերոջ` Գեղամի հետ:

Հասմիկի ծնողների պահանջով` իրենք և Արմենի ծնողները հանդիպել են` իրենց երեխաների հետագա համատեղ կյանքի մասին պայմանավորվելու նպատակով, սակայն համաձայնության չեն եկել: Աղջկա ծնողներն էլ որոշել են այդ մասին հաղորդում տալ ոստիկանությունում:

Ոստիկանությունում տրված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, և ամբաստանյալներ Արմեն Մարտիրոսյանին ու Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Դատաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հերքվել է հանցագործության դեպքը, որի պատճառով մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից` հայտարարելով քրեական հետապնդումը դադարեցնելու իր դիրքորոշման մասին:


Աղբյուր՝ այստեղ